Մատչելիության հղումներ

Սարկոզիի կուսակցությունը հաղթեց, բայց տեղեր կորցրեց


Ֆրանսիայում անցկացված խորհրդարանական ընտրությունների երկու փուլերի արդյունքներով հաղթել է նախագահ Նիկոլա Սարկոզիի «Ժողովրդական շարժում միություն» կուսակցությունը:

Ինչպես հաղորդում է «Ֆրանսպրես» գործակալությունը, 577-տեղանոց խորհրդարանում աջակողմյան «Ժողովրդական շարժում միություն»-ը ստացել է 314 տեղ, ինչը 45-ով պակաս է նախորդ խորհրդարանում կուսակցության ունեցած տեղերից: Եվս 22 տեղ անցել է իշխող կուսակցության կենտրոնամետ դաշնակիցներին:

Թեեւ ակնկալվում էր, որ մայիսին կայացած նախագահական ընտրություններում սոցիալիստ թեկնածու Սեգոլեն Ռուայալի նկատմամբ Սարկոզիի համոզիչ հաղթանակից հետո նախագահի կուսակցությունը եւս համոզիչ հաղթանակ կտանի սոցիալիստների նկատմամբ, վերջիններս խորհրդարանում իրենց տեղերի թիվը 149-ից հասցրել են 185-ի:

Խորհրդարանական ընտրությունների` երեկ անցկացված երկրորդ փուլում ընտրողների մասնակցությունը կազմել է մոտ 60 տոկոս, մինչդեռ նախագահական ընտրություններում այն 85 տոկոս էր:

Վարչապետ Ֆրանսուա Ֆիյոնը այսօր պաշտոնապես հրաժարական է տվել, սակայն նախագահը նրան անմիջապես էլ առաջարկել է նոր կառավարություն ձեւավորել:

Ընտրությունների առաջին փուլը անցկացվել էր երկու շաբաթ առաջ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG