Մատչելիության հղումներ

Մամուլի տեսություն


(շաբաթ, 16-ը հունիսի)

«Հայոց Աշխարհ»-ը, հիշեցնելով, որ հունիսի 17-ին լրանում է իր տասը տարին, գրում է. - «Ինչպես միշտ, ուրիշների նման կուրծք չենք ծեծում ու շեփորում, թե որքան դժվար է եղել մեզ համար, որքան լավն ենք եւ խելացի, չենք տպագրում շնորհավորական հեռագրեր, չենք կազմակերպում ընդունելություններ ու բանկետներ... Շնորհակալություն կհայտնենք մեր ընթերցողներին ու բոլոր բարեկամներին, կաղոթենք, կքշտենք թեւքներս ու այսուհետ էլ կշարունակենք աշխատել այնպես, ինչպես դա կարողանում է անել միայն «Հայոց Աշխարհ»-ը»։

«Ժամանակ Երեւան»-ը տեղեկացնում է, որ այսուհետ ամեն ուրբաթ, ժամը 19:30֊-ին Նիկոլ Փաշինյանը Մարգարյան հիվանդանոցի մոտից շարժվելու է դեպի Ազատության հրապարակ, որտեղ ելույթ է ունենալու: «Այլընտրանք»-ի անդամները, երեկ պատասխանելով մեր այն հարցին, թե ինչու է փոխվել հանրահավաքների հրավիրման ֆորմատը, ասում էին, որ իշխանություններն ամեն գնով արգելափակում են իրենց մուտքը Ազատության հրապարակ եւ իրենք գտել են Ազատության հրապարակ վերադառնալու ճանապարհը: Ըստ մեր զրուցակիցների՝ օրենքը թույլ է տալիս մինչեւ հարյուր մարդու մասնակցությամբ անցկացնել հանդիպումներ, որոնք կարելի է ձեւակերպել որպես ոչ մասսայական միջոցառումներ», - գրում է թերթը եւ շարունակում. - «Երեկվա հանրահավաքի ժամանակ Նիկոլ Փաշինյանն առաջ քաշեց եւս մեկ խնդիր. ըստ նրա՝ ընդդիմությունը ապագա նախագահական ընտրություններում պետք է հանդես գա միասնական թեկնածուով, իսկ դրա համար ընդդիմության ղեկավարները պետք է կարողանան առաջինը լինելու մոլուցքը փոխարինել վերջինը լինելու պատրաստակամությամբ»: «Այսպիսով՝ Նիկոլ Փաշինյանը գրավում է Ազատության հրապարակը եւ պահանջում, որպեսզի ընդդիմությունը հանդես գա միասնական թեկնածուով: Բոլոր այն ընդդիմադիրները, որոնք չեն ընդունի այս պայմանը, տեղ չեն ունենա Ազատության հրապարակում, իսկ նրանք, ովքեր կցանկանան բարձրանալ Ազատության հրապարակի հարթակ, պետք է պաշտպանեն այն միակ թեկնածուին, ում կորոշի Նիկոլ Փաշինյանը», - եզրափակում է «Ժամանակ Երեւան»-ը:

«Հայք»-ը շեշտադրում է. - «Նախորդ տարի Արթուր Բաղդասարյանի հրաժարականից հետո «Օրինաց երկիր»֊-ը լքած գործարար պատգամավորները մասնավոր զրույցներում հաճախ էին դժգոհում, թե Բաղդասարյանն իրենց վրա հսկայական «նալոգներ» է դրել ու ստիպել է մուծվել: Չի բացառվում, որ նույն «նալոգային համակարգը» «Օրինաց երկիր»-֊ում գործում է նաեւ հիմա, երբ Բաղդասարյանը դեռ նախագահ դառնալու նկրտումներ ունի: Ամեն դեպքում, ժամանակն ապացուցեց, որ «Օրինաց երկիր» կուսակցությունը պատեհապաշտների միավորում էր»: «Ու չնայած «Օրինաց երկիր»֊-ի ղեկավարների հայտարարություններին, թե իրենք տասնյակ հազարավոր անդամներ ունեն, ակնհայտ է, որ «Օրինաց երկիր»֊-ը այսպես չի կարող երկար գոյատեւել», - գրում է թերթը` հավելելով. - «Ըստ շրջանառվող լուրերի՝ շուտով «Օրինաց երկիր»֊-ից դուրս կգա նաեւ կուսակցության համամասնական ցուցակով պատգամավոր դարձած Սերյոժա Աբրահամյանը՝ Արա Աբրահամյանի եղբայրը»:

«Առավոտ»-ը Լեռնային Ղարաբաղի Ազգային ժողովի պատգամավոր Գեղամ Բաղդասարյանից հետաքրքրվել է, թե իրականությանը համապատասխանո՞ւմ է այն տեղեկությունը, որ Ղարաբաղի խորհրդարանը որոշում է ընդունել, որով Լեռնային Ղարաբաղի նախագահին պաշտոնանկությունից հետո տրամադրվելու է ոչ միայն բնակարան եւ մեքենա, այլեւ ամեն տարի վճարելու են նրա երկու արտասահմանյան շրջագայություն: «Աշխարհի որեւէ երկրում այդպիսի բան կա՞, նույնիսկ Լատինական Ամերիկայում», ֊- այս առնչությամբ ասել էր Իգոր Մուրադյանը: Գեղամ Բաղդասարյանը հաստատել է. - «Անկեղծ ասած, չգիտեմ, թե ուրիշ տեղ նման բան կա, թե չկա, բայց մերոնք նման բան ընդունել են»:

«Չորրորդ իշխանության» պնդմամբ, «Երեւանի քաղաքապետ Երվանդ Զախարյանը, ով իր պաշտոնավարման ընթացքում միայն հասցրեց մայրաքաղաք Երեւանը վերածել իր հոր բոստանի եւ աջուձախ հողեր վաճառել՝ սեփական գրպանի պարունակությունն ավելի շատացնելու համար, իրականում չի էլ տիրապետում այն ոլորտին, որտեղ աշխատում է»: «Երվանդ Զախարյանը Հյուսիսային պողոտայում, որը միայն քայլուղի է, շրջելիս հանկարծ նկատել է, որ պողոտայում մայթ չկա: Դեմքի լուրջ արտահայտությամբ քաղաքապետը ետ է շրջվել ու ոլորտի պատասխանատուներից հետաքրքրվել, թե «ստեղ մայթը որն է»: Քաղաքապետարանի աշխատակիցները մի կերպ են կարողացել զսպել փռթկոցները, որ մի ողջ քաղաքի քաղաքապետ այդպես էլ չի հասկացել, որ ինքը Հյուսիսային պողոտան կառուցում է ոչ թե ավտոմեքենաների, այլ միայն հետիոտների համար», - գրում է թերթը:


Արմեն Դուլյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG