Մատչելիության հղումներ

Ղարաբաղի նախագահության թեկնածու Արմեն Աբգարյանը հետ է վերցրել ինքնաբացարկի մասին դիմումը


Լեռնային Ղարաբաղի նախագահության թեկնածու Արմեն Աբգարյանը, որը երեկ ինքնաբացարկի մասին դիմում էր ներկայացրել, այսօր խնդրել է անվավեր ճանաչել այն:

Ինչպես «Ազատություն» ռադիոկայանին հայտնեց Լեռնային Ղարաբաղի Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Սերգեյ Նասիբյանը, երեկ երեկոյան հինգ գրանցված թեկնածուներից մեկը՝ Ազգային ժողովի պատգամավոր Արմեն Աբգարյանը դիմում էր ներկայացրել ինքնաբացարկի մասին: Կենտրոնական ընտրական հանձնաժողովը որոշել էր դիմումը քննարկել այսօր առավորտյան:

Սակայն առավոտյան Արմեն Աբգարյանը նոր դիմում էր ներկայացրել Կենտրոնական ընտրական հանձնաժողով` խնդրելով անվավեր ճանաչել ինքնաբացարկի մասին դիմումը:

Սերգեյ Նասիբյանի վկայությամբ՝ թեկնածուները ինքնաբացարկի դիմում կարող են ներկայացնել մինչեւ հունիսի 9-֊ը:

Այսպիսով՝ գրանցված թեկնածուները հինգն են՝ Արմեն Աբգարյան, անվտանգության ծառայության տնօրեն Բակո Սահակյան, Արցախի պետհամալսարանի պրոֆեսոր Վանիկ Ավանեսյան, փոխարտգործնախարար Մասիս Մայիլյան եւ կոմունիստների կողմից առաջադրված՝ կուսակցության առաջնորդ Հրանտ Մելքումյան:


Կարինե Քալանթարյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG