Մատչելիության հղումներ

Նոր կառավարության անդրանիկ նիստը ուղեկցվեց բողոքի ցույցով


Նորակազմ կառավարության առաջին նիստի օրը կառավարության շենքի մոտ բողոքի ցույցի էին հավաքվել մայրաքաղաքի իրացվող տարածքների բնակիչները, որոնց վարչապետը դեռ նախընտրական շրջանում ընդունելություն էր խոստացել:

Նոր կառավարություն անդրանիկ նիստը վարել է վարչապետ Սերժ Սարգսյանը: Նա ասել է, որ կառավարությունը «քիչ ժամանակ ունի իր աշխատանքի արդյունավետությունն ապացուցելու համար», քանի որ ընդամենը 8 ամիս անց կայանալիք նախագահական ընտրություններից հետո կառավարությունը պիտի հրաժարական տա:

Վարչապետը ասել է նաեւ, որ կառավարության գործունեւության ծրագիրը հաստատվելու է կառավարության հաջորդ նիստին եւ մինչեւ հունիսի վերջը ներկայացվելու է Ազգային ժողովի քննարկմանը:

Իսկ կառավարության շենքի մոտ հավաքվել էին տասնյակ ցուցարարներ` Երեւանի իրացվող տարածքների բնակիչներից:

«Քանի որ նախընտրական պայքար էր գնում, մենք հույս ունեցանք, որ վարչապետը իր խոստումը կկատարի», - «Ազատություն» ռադիոկայանին ասաց «Սեփականության իրավունքների պաշտպանություն» հասարակական կազմակերպության նախագահ Վաչագան Հակոբյանը: - «Բայց արդեն երկու ամիս անցավ, մարդիկ հուսահատվեցին, եւ մեր կազմակերպության խորհուրդը որոշեց դուրս գալ փողոց: Մենք էլի կստիպենք, որ վարչապետը մեզ ընդունի: Ավելի լավ կլինի, որ վարչապետը ինքը անձամբ մեզ ասի. խոսք է տվել` անելո՞ւ է, թե՞ ոչ: Որպեսզի մենք իմանանք, թե ինչ ճանապարհով պայքարենք մեր իրավունքները վերականգնելու համար»:


Շաքե Ավոյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG