Մատչելիության հղումներ

Ռոբերտ Քոչարյան. «Հայաստանում բարեփոխումներն իրականացվում են համոզմունքով»


«Հայաստանում բարեփոխումներն իրականացվում են համոզմունքով, եւ մենք երկրի զարգացման հեռանկարը տեսնում ենք արդյունավետ բարեփոխումների մեջ»,- հայտարարել է նախագահ Ռոբերտ Քոչարյանը` այսօր ընդունելով «Հազարամյակի մարտահրավեր» կորպորացիայի գլխավոր գործադիր տնօրեն դեսպան Ջոն Դանիլովիչի գլխավորած պատվիրակությանը:

Նախագահի խոսքերով, տարիներ շարունակ իշխանություններն աշխատել են հասարակության մեջ արմատավորել այն գիտակցությունը, որ երկրի զարգացման միակ ճանապարհը համակողմանի եւ արդյունավետ բարեփոխումներն են: Ըստ Ռոբերտ Քոչարյանի, խորհրդարանական ընտրությունների արդյունքները հնարավորություն են տալիս շարունակել որդեգրած այդ կուրսը:

Նախագահ Քոչարյանը կարեւորել է ԱՄՆ-ի «Հազարամյակի մարտահրավեր» կորպորացիայի եւ Հայաստանի կառավարության համագործակցությունն ու օժանդակության այն ծրագրերը, որոնք ուղղված են բարեփոխումների խորացմանը, երկրի համար կարեւորագույն մի շարք խնդիրների լուծմանը:

Կառավարության առաջնահերթ խնդիրներից մեկը համարելով մայրաքաղաքի եւ մարզերի զարգացման միջեւ անհամաչափության հաղթահարումը` երկրի ղեկավարն ասել է, որ այդ առումով ակնկալիքները ծրագրից բավական մեծ են:

Նախագահի մամլո գրասենյակի վկայությամբ, Ջոն Դանիլովիչը եւս գոհունակություն է հայտնել երկկողմ համագործակցության մակարդակից: Նա համառոտակի ներկայացրել է ՀՄԿ-ի առաջիկա ծրագրերը:

Ընտրությունների առնչությամբ դեսպան Դանիլովիչն ընդգծել է, որ դրանց արդյունքները չափազանց կարեւոր են կորպորացիայի համար:

Ռոբերտ Քոչարյանը նշել է, որ տեղ գտած թերություններն ու ընտրախախտումները մանրակրկիտ կերպով ուսումնասիրվել են, եւ որոշ ընտրատեղամասային հանձնաժողովների անդամներ ենթարկվել են պատասխանատվության:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG