Մատչելիության հղումներ

Երեւանում բացվեց «Հազարամյակի մարտահրավեր - Հայաստան»-ի նոր գրասենյակը


Երկուշաբթի օրը Երեւանում բացվեց «Հազարամյակի մարտահրավեր հիմնադրամ - Հայաստան»-ի («ՀՄՀ - Հայաստան») նոր գրասենյակը: Ժապավենը կտրեցին «Հազարամյակի մարտահրավեր» կորպորացիայի (ՀՄԿ) գլխավոր գործադիր տնօրեն դեսպան Ջոն Դանիլովիչը եւ Հայաստանի ֆինանսների եւ էկոնոմիկայի նախարար Վարդան Խաչատրյանը: Արարողությանը ներկա էին նաեւ «ՀՄՀ - Հայաստան»-ի գլխավոր գործադիր տնօրեն Արա Հովսեփյանն ու ՀՄԿ-ի Հայաստանի ծրագրի տնօրեն Ալեքս Ռասինը:

Ջոն Դանիլովիչը հայտնեց, որ «Հազարամյակի մարտահրավեր» ծրագրով Հայաստանի համար նախատեսված շուրջ 236 միլիոն դոլարից այս պահի դրությամբ հատկացված է 6 միլիոն դոլար, եւ արդեն 25 միլիոնի պայմանագրեր կան, որոնց համար ֆինանսավորումը շուտով մատչելի կդառնա:

«Ծրագիրը լավ առաջ է ընթանում: Սկսել ենք գյուղացիական տնտեսությունների շահութաբերության աճին ուղղված ուսուցումը` «Ջրից դեպի շուկա» գործունեության շրջանակում, եւ արդեն ավարտին են մոտենում գյուղական ճանապարհների վերականգնման ենթածրագրերի առաջին փուլի նախագծային աշխատանքները», - ասաց Դանիլովիչը: - «Բացի այդ, հայտարարված է մրցույթ ոռոգվող գյուղատնտեսության ենթածրագրի նախնական փուլի նախագծային առաջարկների համար, իսկ այս ենթածրագրի շրջանակներում առաջին շինարարական աշխատանքները նախատեսվում են աշնանը»:

Մայիսի 12-ի ընտրությունների կապակցությամբ «Հազարամյակի մարտահրավեր» կորպորացիայի գլխավոր գործադիր տնօրենը հայտարարեց. - «Մենք ողջունեցինք Հայաստանի խորհրդարանական ընտրությունները ու շնորհավորում ենք Հայաստանի բնակչությանը նախորդ ընտրությունների համեմատ ավելի հաջող ընտրություններ ունենալու համար: Այս ընտրությունները, կարծես թե, դրական տեղաշարժ էին միջազգային չափանիշների ուղղությամբ, սակայն մենք շարունակում ենք ուշադիր հետեւել խախտումների մասին հնչած մեղադրանքների հետաքննման ընթացքին»:

Ջոն Դանիլովիչը հայտնեց նաեւ, որ ինչպես «Հազարամյակի մարտահրավեր» հիմնադրամ ծրագրի մասնակից բոլոր երկրների, այնպես էլ Հայաստանի մասնակցության շարունակման վերաբերյալ ՀՄԿ-ի խորհուրդը որոշում կկայացնի դեկտեմբերին` երկրների ընտրության հարցերով կայանալիք ամենամյա նիստի ժամանակ:

Հայաստանի ֆինանսների եւ էկոնոմիկայի նախարար Վարդան Խաչատրյանը, պատասխանելով «Ազատություն» ռադիոկայանի հարցին, հստակեցրեց, որ մինչեւ այժմ «ռեալ ստացված» գումարը իրականում 5,5 միլիոն դոլար է, «բայց ծրագրերը ընթացքի մեջ են` 6-7 միլիոն ընթացքի մեջ են, որ կստանանք»:

Նա պարզաբանեց, որ «հիմնականում նախագծային, նախապատրաստական աշխատանքներն են, որոնցից հետո, երբ ծրագրերը պատրաստ կլինեն, արդեն կստանանք բուն ֆինանսավորումը»:

Վարդան Խաչատրյանը վստահեցրեց, որ ծրագրերը ամբողջությամբ պատրաստ կլինեն մինչեւ տարեվերջ:

Նախարարը հնարավոր է համարում, որ դոլարի նկատմամբ դրամի փոխարժեքի տատանումների պատճառով «որոշ ծրագրեր դուրս գան». - «Կորպորացիան որեւէ բան չի ավելացնելու, այսինքն` եղած գումարների շրջանակներում կերեւա դա: Հինգ տարի դեռ աշխատելու ենք. հինգերորդ տարում որ ծրագրերը դուրս կմնան` դրանք էլ չեն կատարվի»:

Միաժամանակ, նա վստահեցրեց, որ «այն մասը, որը չի անի «Հազարամյակի մարտահրավեր»-ը, կառավարությունը կատարելու է»` նաեւ օտարերկրյա գործընկերների աջակցությամբ. - «Մեր կյանքի ճանապարհները 2500 կիլոմետր են, որից ընդամենը 900-ն է անում «Հազարամյակի մարտահրավեր» ծրագիրը: Պարզ է, որ բոլորը մենք անելու ենք»:

Ծրաgրի շարունակման նախապայմանները, նախարարի խոսքերով, մնում են նույնը. - «Ունենք 4 խումբ, 16 ցուցանիշներ, որոնք անընդհատ մոնիթորինգի են ենթարկվում: 4 խմբից 3-ը, որոնք կապված են տնտեսության եւ սոցիալական հարցերի հետ, միշտ «կանաչ» են եղել: Միակ «կարմիրը» լինում է առաջին խմբի հետ կապված, որը կոչվում է «Արդարացի կառավարում», այդտեղ էլ 6-ից 3-ը պետք է «կարմրի», որպեսզի վտանգ սպառնա ծրագրին: Մենք երբեք այդպիսին չենք ունեցել. մի անգամ «կարմրել» է` կապված «Ֆրիդոմ հաուզ»-ի տված գնահատականների հետ լրատվության առնչությամբ եւ նաեւ ժողովրդավարության, ընտրությունների հետ կապված, ինչը այս պահին, հուսով եմ, որեւէ խնդիր չի առաջացնի. մեր ընտրությունները բոլորի կողմից գնահատվել են որպես լավ, ազատ, արդար եւ արդարացի»:

«Հազարամյակի մարտահրավեր» կորպորացիայի հետ 2006 թվականի մարտի 27-ին կնքված ու սեպտեմբերի 29-ին գործողության մեջ մտած Համաձայնագրով նախատեսվում է կրճատել գյուղական աղքատությունը` գյուղատնտեսության ոլորտում տնտեսական ցուցանիշների կայուն ու տեւական աճի ապահովման միջոցով: Հայաստանը նախատեսում է դա իրագործել գյուղական ճանապարհներում, ոռոգման ենթակառուցվածքներում ռազմավարական ներդրումներ կատարելու, ֆինանսական ու տեխնիկական աջակցություն ցուցաբերելու, գյուղացիական տնտեսություններին ու ագրոբիզնեսին աջակցելու հնգամյա ծրագրի միջոցով:

Պատասխանելով անցած խորհրդարանական ընտրություններին վերաբերող հարցին` Դանիլովիչը ասաց, որ «նախորդի համամետ առաջընթաց կար»` ավելացնելով, որ իրենք շարունակելու են հետեւել, թե ընտրությունների ընթացքում տեղ գտած խախտումները հարցը դատական ինչ ընթացք կունենա:


Կարինե Քալանթարյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG