Մատչելիության հղումներ

Մամուլի տեսություն


«Ժամանակ Երեւան»-ը, անդրադառնալով Լեռնային Ղարաբաղի հարցին, գրում է. - «Մի բան պարզ է, որ ընտրությունների նկատմամբ բարեհաճությունը եւ ընդհանրապես` Քոչարյանի ռեժիմի նկատմամբ հանդուրժողականությունը պայմանավորված է միայն ԼՂՀ-ի հարցի լուծման ակնկալիքով: Եվ եթե միջազգային հանրությունը զգա, որ այս երկար-բարակ բանակցային գործընթացն ընդամենը իրենց «ֆռռացնելու» նպատակ ունի, իսկ իրականում համաձայնության պատրաստակամություն չկա, ապա բարեհաճության պաշարն անմիջապես կսպառվի եւ կհնչի ռեժիմի կարապի երգը»:

«Հայք»-ի պնդմամբ, «ԱԺ ընտրություններից հետո Հանրապետական կուսակցությունը վերջնականապես դարձել է Սերժ Սարգսյանի անձնական սեփականությունը»: «Երկրորդ պլան մղվեցին հին հանրապետականները, եւ կուսակցության համամասնական ընտրացուցակի առաջին համարները զբաղեցնում են հիմնականում նորընծա տարոնանժդեհականները», - փաստում է թերթը: Սակայն ամենաուշագրավը, ըստ «Հայք»-ի, Ազգային ժողովի Հանրապետական խմբակցության ղեկավարի նշանակումն է. - «Չորրորդ գումարման ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավարն է «Տաշիր» հանրախանութի սեփականատեր Կարեն Կարապետյանը: Կարեն Կարապետյանը իր բիզնեսը ծավալում է Սերժ Սարգսյանի հովանավորությամբ: Ու քանի դեռ Սարգսյանը նախագահ դառնալու նկրտումներ ունի, Կարապետյանն իրեն համարում է Սերժի ամենամտերիմ ու ամենանվիրված պատգամավորներից մեկը»:

«Չորրորդ իշխանություն»-ը գրում է. - «Տպավորություն կա, թե Քոչարյանն ուզում է, որ իր գործընկեր Սերժը որքան հնարավոր է դժվարությամբ հաղթահարի նախագահական բարձունքը, ինչպես ասում են` սեփական քրտինքով: Որ դա Քոչարյանի կողմից Սերժի նկատմամբ որոշակի վերաբերմունքի դրսեւորում է` փաստ է, բայց թե այդ դրսեւորումներն առաջիկա ամիսներին ի՞նչ բնույթ կկրեն` առայժմ հայտնի չէ»: Թերթի կանխատեսմամբ, «Սարգսյանին առաջիկայում նրա նախագահական մարաթոնի ընթացքում «պոդնոժկա» կտան ոչ միայն հայրենի ընդդիմադիրները, այլեւ հենց Քոչարյանն ու Սերժին եւ ՀՀԿ-ին չմարսած իշխանական ուժերը` ի դեմս «Բարգավաճ Հայաստան»-ի, նաեւ ՀՅԴ-ի»:

«Հայոց Աշխարհ»-ը տեղեկացնում է, որ հուլիսի 22-ին Թուրքիայում տեղի ունենալիք խորհրդարանական ընտրություններին կմասնակցեն երկու հայ թեկնածուներ: «Դեմոկրատական կուսակցությունից Ստամբուլի 14-րդ ընտրատեղամասում թեկնածու առաջադրված հայազգի Էֆին Բաղը կարծում է, որ «փոքրամասնությունները Թուրքիայում որեւէ լուրջ խնդիր չունեն»: Հայազգի Իսմեթ Շահինը ներկայացվել է Թուրքիայի միակ քրդական «Դեմոկրատական հասարակություն» կուսակցության կողմից», - գրում է թերթը:

«168 ժամ»-ը գրում է. - «Կառավարության ծրագրերով առաջիկայում սպասվում է պետական միջոցների հաշվին չորս հեռուստատեսությունների թվայնացում: Մնացած հեռուստատեսությունների համար թվայնացումը նույնպես պարտադիր պայման է լինելու, սակայն այս գործընթացը մնացած հեռուստատեսությունները պետք է կազմակերպեն սեփական միջոցների հաշվին, այլապես անհապաղ կզրկվեն լիցենզիայից»: «Ո՞ր հեռուստատեսություններն են թվայնացվելու պետության հաշվին, դեռեւս հայտնի չէ, սակայն ակնհայտ է, որ այս «հեղաշրջման» արդյունքում դաշտը լքելու են անցանկալի համարվող եւս մի քանի հեռուստատեսություններ», - կանխատեսում է թերթը:

«Ազգ»-ի հեղինակը փաստում է. - «Ալյուրը թանկացավ ընտրություններից անմիջապես հետո, դրա հետ էլ` մակարոնեղենը: Սովորական, պլաստիկե տուփով կես լիտրանոց մածունը, որ ընտրություններից առաջ գնում էի 180 դրամով, արդեն 220 դրամ արժե, ընդհանրապես եթե նայես մեկ շաբաթ առաջվա ու հիմիկվա գները` սողացող բարձրացումներ են: Ակամա մտածում ես` եթե աշխատող մարդկանց համար դժվար է այդ գներին հարմարվելն ու օրվա սննդի` քիչ թե շատ հարմար համակազմ ընտրելը, մնալով երկու-երեք հազար դրամի սահմանագծում, բա ո՞նց պիտի «բարձրացված» թոշակով մեր 15-16 հազար դրամանոց թոշակառուն այս աննախադեպ տնտեսական աճի սեղանից սնվի»:


Արմեն Դուլյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG