Մատչելիության հղումներ

Ընդդիմադիր ուժերի ներկայացուցիչները լքեցին Սահմանադրական դատարանի դահլիճը


Ուրբաթ օրը Սահմանադրական դատարանում մայիսի 12-ի խորհրդարանական ընտրությունների արդյունքը վիճարկող չորս ընդդիմադիր ուժերից երեքի ներկայացուցիչները, հետեւելով «Իմպիչմենտ» դաշինքի ներկայացուցիչ Նիկոլ Փաշինյանի` երեկվա օրինակին, լքեցին դատարանի դահլիճը` ներկայացնելով, այդուհանդերձ, իրենց եզրափակիչ ելույթները:

«Հերթական անգամ ականատես ենք լինում դատավարական ֆարսի, երբ իրականացվում է ոչ թե սահմանադրական, այլ քաղաքական արդարադատություն, որի հետագա ընթացքին մեր մասնակցությունը համարում ենք իմաստազուրկ», - հայտարարեց «Օրինաց երկիր» կուսակցության ներկայացուցիչ Արտաշես Ավոյանը:

«Ես իմ ափսոսանքն եմ արտահայտում Սահմանադրական դատարանի` այս գործի նկատմամբ ձեւական մոտեցման կապակցությամբ», - ասաց «Նոր Ժամանակներ» կուսակցության ներկայացուցիչ Ռուբեն Թորոսյանը: - «Ես նույնպես լքում եմ դահլիճը եւ ցանկություն չունեմ լսելու Սահմանադրական դատարանի որոշումը»:

«Հանրապետություն» կուսակցության ներկայացուցիչ Արտակ Զեյնալյանն իր երկարատեւ ելույթի վերջում դիմեց բարձր դատարանին. - «Խնդրում ենք անվավեր ճանաչել ԿԸՀ-ի 2007 թվականի մայիսի 19-ի «Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի համամասնական ընտրակարգով պատգամավորներ ընտրվելու մասին» որոշումն ու այդ ընտրությունների արդյունքները»:

Պատասխանող կողմի եզրափակիչ ելույթների ժամանակ արդեն դահլիճում դիմող կողմից ոչ ոք չկար: Թե’ հիմնական եւ թե’ հարակից պատասխանողները եզրափակիչ ելույթներում առաջարկեցին մերժել ընդդիմության դիմումը:

Կողմերի եզրափակիչ ելույթները լսելուց հետո Սահմանադրական դատարանն անցավ փակ խորհրդակցության: Դատարանը իր վճիռը պետք է հրապարակի մինչեւ հունիսի 10-ը:


Հովհաննես Շողիկյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG