Մատչելիության հղումներ

Ադրբեջանը պատրաստ է Ռուսաստանի եւ ԱՄՆ-ի հետ բանակցել Գաբալայի ռադարի հարցով


Ադրբեջանը պատրաստ է Ռուսաստանի եւ ԱՄՆ-ի հետ քննարկել Գաբալայի ռադիոլոկացիոն կայանի համատեղ օգտագործման հարցը: Այդ մասին այսօր հայտարարել է Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովը` հավելելով, որ այդ հարցը արծարծվել է Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի` վերջերս Բաքու կատարած այցի ժամանակ:

day.az ինտերնետային պարբերականի վկայությամբ, Ադրբեջանի փոխարտգործնախարար Արազ Ազիմովը եւս ասել է, թե իր երկիրը պատրաստ է երկկողմ եւ եռակողմ ձեւաչափերով Ռուսաստանի եւ Միացյալ Նահանգների հետ բանակցել Գաբալայի ռադարի հարցով:

Միաժամանակ, ԱՄՆ-ի Պետդեպարտամենտի խոսնակը երեկ կայացած ճեպազրույցում հայտարարել է, որ Միացյալ Նահանգները հակահրթիռային պաշտպանության համակարգի տեղակայման հարցով ներկայումս բանակցում է միայն Չեխիայի եւ Լեհաստանի հետ, սակայն պատրաստ է ուսումնասիրել Գաբալայի ռադարի համատեղ օգտագործման վերաբերյալ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի առաջարկը:

«Միացյալ Նահանգները շատ շահագրգռված է հակահրթիռային պաշտպանության բնագավառում Ռուսաստանի հետ համագործակցությամբ, եւ մենք դա անելու ենք ներգրավված բոլոր կողմերի, այդ թվում` մեր եվրոպացի դաշնակիցների հետ մանրամասն խորհրդակցելու ճանապարհով», - հայտարարել է Պետդեպարտամենտի խոսնակը:

Գաբալայի կայանը այսպես կոչված «Դարյալ» տեսակի համակարգ է. այն սկսել են կառուցել 1976 թվականին Ադրբեջանական ԽՍՀ Լյակի բնակայարի մոտակայքում: 1985-ին կայանն անցել է մարտական հերթապահության: Խորհրդային Միության տարածքում կար 9 այդպիսի կայան: Գաբալայի 16-հարկանի հսկայական կայանը հնարավորություն է տալիս մինչեւ 6 հազար կիլոմետր հեռավորության վրա վայրկյանների ընթացքում արձանագրել հրթիռների արձակումները: Կայանը հսկողության տակ է պահում ամբողջ Հարավային կիսագունդը՝ Հնդկական օվկիանոսի տարածաշրջան, Իրան, Իրաք, Պալիստան, Թուրքիա, Աֆրիկա, Ասիա: Կայանի տեխնիկական ռեսուրսը հուսալի աշխատանք է ապահովում առնվազն մինչեւ 2012 թվականը: Բնականաբար, կայանը միշտ կարելի է նորոգել, արդիականացնել: Ռուսաստանը 2002 թվականին Ադրբեջանի հետ կնքել է պայմանագիր կայանը 10 տարով վարձելու մասին: Տարեկան վարձը՝ 7 միլիոն դոլար: Կայանի աշխատանքն ապահովում են շուրջ 900 զինծառայողներ եւ 200 քաղաքացիական մասնագետներ:


Արմեն Քոլոյան, Պրահա

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG