Մատչելիության հղումներ

Սանկտ Պետերբուրգում բացվում է 11-րդ միջազգային տնտեսական համաժողովը


Այսօր բացվում է Սանկտ Պետերբուրգի 11-րդ միջազգային տնտեսական համաժողովը, որի նպատակն է օժանդակել քաղաքական, գործարար եւ գիտական շրջանակների միջեւ շփումներին:

Համաժողովին մասնակցելու է նաեւ Հայաստանի պատվիրակությունը` Սանկտ Պետերբուրգ է մեկնում նախագահ Ռոբերտ Քոչարյանը, ով վաղը հանդիպելու է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի հետ:

Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը, day.az ինտերնետային պարբերականին տված հարցազրույցում ներկայացնելով ղարաբաղյան կարգավորման հարցում Ռուսաստանի դիրքորոշումը, հայտարարել է. - «Մեր դիրքորոշումը հայտնի է. Միացյալ Նահանգների եւ Ֆրանսիայի հետ Ռուսաստանը` որպես ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի համանախագահ, ակտիվորեն աջակցում է Բաքվին եւ Երեւանին` փոխադարձաբար ընդունելի լուծում գտնելու համար: Վերջերս Պոտսդամում Մեծ ութնյակի երկրների արտգործնախարարները Հայաստանի ու Ադրբեջանի նախագահներին կոչ արեցին համաձայնեցնել կարգավորման փոխադարձաբար ընդունելի սկզբունքները, ինչը ճանապարհ կբացի Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ եւ կայուն լուծման համար: Ժամանակը չի սպասում»:

Հարավային Կովկասում Ռուսաստանի հիմնական հետաքրքրություններին առնչվող հարցին Սերգեյ Լավրովը պատասխանել է. - «Անդրկովկասում Ռուսաստանի քաղաքականությունը առաջին հերթին ուղղված է Ադրբեջանի, Հայաստանի ու Վրաստանի հետ բարեկամական, փոխշահավետ հարաբերությունների հաստատմանը»:


Հրաչ Մելքումյան, Պրահա

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG