Մատչելիության հղումներ

Ղուկասյանը համանախագահներին ներկայացրել է Լեռնային Ղարաբաղի դիրքորոշումը


Տարածաշրջանային այցի շրջանակներում Երեւան ժամանած Եվրոպայում անվտանգության եւ համագործակցության կազմակերպության (ԵԱՀԿ) Մինսկի խմբի համանախագահները այսօր հանդիպում են ունեցել Լեռնային Ղարաբաղի նախագահ Արկադի Ղուկասյանի հետ:

Հանդիպման ավարտին Ղուկասյանը լրագրողներին ասաց, որ հիմնականում ինքն է ներկայացրել Լեռնային Ղարաբաղի դիրքորոշումները խնդրի կարգավորման վերաբերյալ: Նա նորից պնդել է, որ առանց Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հստակեցման որեւէ այլ հարցի շուրջ բանակցելն անիմաստ է:

Լեռնային Ղարաբաղի առաջնորդի կարծիքով, ենթադրվում է, որ, համանախագահների կարծիքով, «ղարաբաղյան կողմի դիրքորոշումներում տրամաբանություն կա»:

«Ազատություն» ռադիոկայանի հարցին, թե արդյո՞ք իր հետ հանդիպումից հետո Մինսկի խմբի ամերիկացի, ֆրանսիացի եւ ռուսաստանցի համանախագահների լավատեսությունը նվազել է, Արկադի Ղուկասյանը արձագանքեց. - «Միջնորդը միշտ լավատես պետք է լինի` անկախ ամեն ինչից: Բայց ինձ մոտ չստեղծվեց այն տպավորությունը, որ միջնորդները ենթադրում են, որ սանկտպետերբուրգյան հանդիպումը լինելու է ճակատագրական»:

Հանդիպման ընթացքում կրկին բարձրացվել է բանակցություններին Լեռնային Ղարաբաղի մասնակցության հարցը: Ղուկասյանի փոխանցմամբ, Մեթյու Բրայզան, Բեռնար Ֆասյեն եւ Յուրի Մերզլյակովը «խնդրել են ղարաբաղյան կողմին` օգնել Հայաստանին ավելի կոնստրուկտիվ լինել բանակցությունների ընթացքում»:

Հարցին, թե հնարավո՞ր է, որ ղարաբաղյան կողմը Հայաստանի առջեւ բանակցություններից դուրս գալու հարց բարձրացնի, Ղուկասյանը պատասխանեց. - «Ես չեմ բացառում, որ այդպիսի հարց դրվի, քանի որ դա բխում է այսօրվա իրավիճակից եւ Ադրբեջանի դիրքորոշումից»:


Կարինե Քալանթարյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG