Մատչելիության հղումներ

Մեթյու Բրայզա. «Ղարաբաղյան կարգավորման հիմնարար սկզբունքների մասին համաձայնագիրը կարող է ստորագրվել այս տարի»


ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Մեթյու Բրայզան այսօր Բաքվում հայտարարել է, թե Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հիմնարար սկզբունքների մասին համաձայնագիրը կարող է ստորագրվել արդեն այս տարի:

«Ես շատ լավատեսական կանխազգացումներ ունեմ Ադրբեջանի եւ Հայաստանի նախագահների` Սանկտ Պետերբուրգում կայանալիք հանդիպման կապակցությամբ», - ասել է Բրայզան APA գործակալությանը տված հարցազրույցում:

Նրա խոսքերով, երկու երկրների նախագահները լուրջ բանակցություններ են վարել, եւ եթե նրանք ցանկանան լուծել մնացած հարցերը, ապա «հակամարտության կարգավորման հիմնարար սկզբունքների վերաբերյալ համաձայնագրի ստորագրումը հնարավոր կլինի ակնկալել արդեն այս տարի»:

Մեթյու Բրայզան նշել է, թե համակարծիք է ԵԱՀԿ-ի գործող նախագահ, Իսպանիայի արտգործնախարար Միգել Անխել Մորատինոսի հետ, ով երկու օր առաջ Բաքվում հայտարարել էր, թե «կողմերը երբեք այսքան մոտ չեն եղել հակամարտության կարգավորմանը»:

Միաժամանակ, ամերիկացի համանախագահն ընդգծել է. - «Որքանով են կողմերը մոտ կարգավորմանը` մենք ճշգրիտ կիմանանք Սանկտ Պետերբուրգի հանդիպումից հետո: Դա շատ կարեւոր հանդիպում է, սակայն, կարծում եմ, կողմերը դեռ շատ աշխատանք կունենան: Ադրբեջանը եւ Հայաստանը շատ մոտ են կարգավորմանը, բայց դա շատ բարդ գործընթաց է»:

«Կողմերը պետք է ավարտեն աշխատանքը որոշ դետալների վրա, եւ եթե նրանք համաձայնեն ստորագրել հիմնարար փաստաթուղթը, հնարավոր կլինի հուսալ մոտ ապագայում համաձայնեցված լուծման ձեռք բերմանը», - ասել է նա:

day.az էլեկտրոնային պարբերականի վկայությամբ, Մեթյու Բրայզան ներկայացրել է հնարավոր համաձայնության հիմնարար սկզբունքների հետեւյալ սխեման. - «Զորքերը կհեռանան, կլինի միջանցք, իսկ Լեռնային Ղարաբաղի կարգավիճակը կորոշվի քվեարկությամբ»:

Մինսկի խմբի երեք համանախագահները Բաքու են ժամանել երեկ ուշ երեկոյան:

Այցի նպատակն է հունիսի 9-ին Սանկտ Պետերբուրգում կայանալիք Քոչարյան - Ալիեւ հանդիպման նախապատրաստումը:

Այսօր համանախագահները հանդիպել են Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովի հետ:

ԱՄՆ-ի պետքարտուղարի Եվրոպայի եւ Եվրասիայի հարցերով տեղակալ Մեթյու Բրայզան, իր հերթին, առանձին հանդիպումներ է ունեցել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի, արտգործնախարար Մամեդյարովի, տնտեսական զարգացման նախարար Հեյդար Բաբաեւի եւ արդյունաբերության եւ էներգետիկայի նախարար Նաթիկ Ալիեւի հետ:

Երեկոյան Բաքվում կայանալու է համանախագահների ասուլիսը:

Վաղը համանախագահները կժամանեն Երեւան, որտեղ հանդիպումներ կունենան Հայաստանի ղեկավարության, ինչպես նաեւ Լեռնային Ղարաբաղի նախագահ Արկադի Ղուկասյանի հետ:

Երեւանյան այցը համանախագահները կամփոփեն երեկոյան ամերիկյան դեսպանատանը կայանալիք ասուլիսով:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG