Մատչելիության հղումներ

Մամուլի տեսություն


«Հայոց Աշխարհ»-ի տեղեկություններով, երեկ երեկոյան, արձանագրելով բանակցությունների արդյունքները, կոալիցիոն համաձայնագիր պետք է ստորագրեին Հայաստանի հանրապետական կուսակցությունը եւ «Բարգավաճ Հայաստան»-ը, իսկ Դաշնակցությունը հրաժարվել է կոալիցիայի մաս կազմել:

«Ազգ»-ը տեղեկացնում է. - «Հունիսի 3-ին, գիշերվա ժամը 2-ին, Իզմիր քաղաքի մոտ, Դեմ կոչված մայրուղու թունելի ելքի մոտ տեղի է ունեցել վթար: Բեռնատարը, որն անսարքություն է ունեցել, փորձել է ճանապարհի աջ մասում կայանել, նրան էլ հետեւել է մեկ այլ ավտոբուս, դանդաղեցնելով ընթացքը: Եվ հենց այդ պահին Հայաստանից ժամանած «Ast Turism» ֆիրմայի ավտոբուսը հետեւի մասից բախվել է մյուս մեքենաներին: Շարունակաբար իրար են բախվել նաեւ մայրուղով ընթացող 3 խոշոր մեքենաներ, եւ վթարից տեղում մահացել է վարորդի կողքին նստած հայազգի ուղեկցողուհին, իսկ մնացած 45 ուղեւորներից 16-ը վիրավորվել է»:

«Դաշնակցությունը լուրջ տվայտանքների մեջ է», - գրում է «Ժամանակ-Երեւան»-ը: - «Մի կողմից ընկերներն ուզում են փող, շատ փող աշխատել` շարունակելով պաշտոնավարել իրենց բոստանը դարձած նախարարություններում, մյուս կողմից` ուզում են խոսել կոռուպցիայի դեմ, քննադատել կառավարությանը, նրա առանձին անդամներին եւ բոլոր նրանց, ովքեր դաշնակցական չեն: Հենց այդ պատճառով նրանք պահանջում են, որ իրենց նախարարական պորտֆելներ տան Սերժ Սարգսյանի ղեկավարած կառավարությունում, բայց այնպես, որ իրենք պատասխանատվություն չկրեն այդ կառավարության գործունեության համար, առավոտից իրիկուն քննադատեն այդ կառավարության գործունեությունը ժողովրդի մոտ դրական կերպար ստեղծելու համար, իսկ 2008 թվականի նախագահական ընտրություններում էլ հանդես գան նախագահի սեփական թեկնածուով: Որքան էլ տարօրինակ հնչի` Դաշնակցության այս ծրագրերը հնարավոր է իրականանան, հարկավ` Դաշնակցության պահապան հրեշտակ Ռոբերտ Քոչարյանի շնորհիվ»:

«Հանրապետություն» կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը «Առավոտ»-ի թղթակցին ասել է. - «Ինձ համար այդքան էլ ակնհայտ չէ, որ իշխանությունների թեկնածուն հենց Սերժ Սարգսյանն է: Խոսվում է նաեւ Վարդան Օսկանյանի մասին, մի մոռացեք Դաշնակցության այս վերջին գործընթացները եւ այլն: Եվ հետո, կարծում եմ, Ռոբերտ Քոչարյանը ինքն էլ դժգոհ է այս ընտրություններից, որովհետեւ ինքը չէր ուզում ամենաերիտասարդ թոշակառուն դառնալ: Բայց, ի տարբերություն ինձ, քանի որ ես կարողանում եմ ասել, որ այս ընտրությունները ինձ չեն բավարարում եւ կեղծված են, ինքը չի կարողանում դա ասել եւ համապատասխան գործընթացներ է ծավալում իշխանության ներսում: Այնպես որ, Ռոբերտ Քոչարյանին ճանաչողները պետք է իմանան, որ իրավիճակն այդքան էլ պարզ չէ»:

«Հայոց Աշխարհ»-ը գրում է. - «Այո՛, որքան էլ վշտալի լինի հեղափոխական առաջնորդների համար, գնալով «Իմպիչմենտը» «1+1+1+», «Այդ մեկը դո՛ւ ես, դո՛ւ, դո՛ւ ես» ազդագրերով թամաշաների մասնակիցների թիվը աղետալիորեն նվազում է։ Եվ այս աղետի դեմն առնել անզոր են նախագահացուներ Արամ Կարապետյանը, Արամ Զավենի Սարգսյանը, եւ նախագահացուի հայտ ներկայացնելու համար դեռեւս անչափահաս Նիկոլ Փաշինյանը։ Ինչ արած, կյանքը դաժան է, քաղաքական կյանքը՝ էլ ավելի դաժան ու անողորմ»։

«Մեր տեղեկություններով, Ռոբերտ Քոչարյանը հանձնարարել է հայտնաբերել եւ պատժել մայիսի 21-ի փոխհրաձգության մասնակիցներին», - փոխանցում է «Հայք»-ը: - «Միեւնույն ժամանակ` Քոչարյանն ամեն ինչ անում է, որ պաշտոնանկ արվի քաղաքապետ Վարդան Ղուկասյանը: Առայժմ իշխանությունները ուղիներ են փնտրում` Ղուկասյանին պաշտոնանկ անելու համար: Սակայն Սերժ Սարգսյանը ամեն ինչ անում է, որ Ղուկասյանը այս պաշտոնին մնա գոնե մինչեւ նախագահի ընտրությունները»:

«Տարեգիր»-ը գրում է. - «Նախկին արտգործնախարար Ալեքսանդր Արզումանյանը գտնվում է անազատության մեջ՝ «փողերի լվացման» մեղադրանքով: Ամբողջ անհեթեթությունն այն է, որ «փողերի լվացման» մեղադրանքը հասցեագրված է մի մարդու, որն անկախության ժամանակաշրջանի մեր այն բացառիկ նախարարներից է, որին երբեւէ կոռուպցիայի ու զեղծարարության մեջ չի մեղադրել ոչ ժողովուրդը եւ ոչ էլ նույնիսկ իր քաղաքական հակառակորդները: Առջեւում նախագահի ընտրություններ են, եւ, կարծում ենք, Ալեքսանդր Արզումանյանը թիրախ է ընտրվել՝ առաջիկայում դրսից իսկապես փող ուղարկողներին վախեցնելու համար»:


Արմեն Դուլյան

Ուղիղ հեռարձակում

Recommended

XS
SM
MD
LG