Մատչելիության հղումներ

Լարի Ֆլինթը մեկ միլիոն է խոստանում բարձրաստիճան պաշտոնյաներին վարկաբեկող նյութերի դիմաց


Ամերիկյան «Հասթլեր» պոռնոգրաֆիկ հանդեսի հրատարակիչ Լարի Ֆլինթը մեկ միլիոն դոլար է խոստանում նրան, ով վարկաբեկիչ նյութեր կտրամադրի ամերիկյան Կոնգրեսի անդամների եւ կառավարական բարձրաստիճան պաշտոնյաների մասին:

ԻՏԱՌ-ՏԱՍՍ լրատվական գործակալության փոխանցմամբ, «Վաշինգտոն Փոստ» թերթի կիրակնօրյա գովազդային հավելվածում հրապարակած իր հայտարարությունում Ֆլինթը որպես գլխավոր պայման նշել է այն, որ «կոնգրեսականների, սենատորների կամ այլ պետական դեմքերի արտամուսնական ինտիմ կապերի» մասին տեղեկությունները պետք է լինեն փաստերով ապացուցված, այսինքն` ենթական լինեն ստուգման: Այնուհետեւ առաջարկվում է դրանք հրապարակել «Հասթլեր»-ի համարներից մեկում:

Ենթադրվում է, որ Ֆլինթի հայտարարությունը կապված է արտասահմանյան օգնության ծրագրերի տնօրեն, ԱՄՆ-ի միջազգային զարգացման գործակալության ղեկավար Ռենդալ Թոբիասի շուրջ անցած ամիս ծագած սկանդալի հետ: Մամուլում հրապարակումներ հայտնվեցին այն մասին, որ ամերիկացի բարձրաստիճան պաշտոնյան օգտվել է մարմնավաճառների ծառայություններից, ինչի հետեւանքով նա ստիպված եղավ հրաժարական տալ:

1998 թվականին Լարի Ֆլինթը նույնպիսի արշավ էր նախաձեռնել, որն ուղղված էր այն «երեսպաշտ քաղաքական գործիչների» մերկացմանը, ովքեր հետամուտ էին լինում ԱՄՆ-ի նախագահի պաշտոնից Բիլ Քլինթոնի հեռացմանը` Մոնիկա Լեւինսկիի հետ նրա կապի համար: Այդ արշավի առաջին զոհերից մեկը դարձավ հանրապետական Բոբ Լիվինգսթոնը, ով «Հասթլեր»-ի հրապարակման սպառնալիքի տակ ոչ միան հանեց իր թեկնածությունը Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի խոսնակի պաշտոնում, այլեւ առհասարակ դուրս եկավ Կոնգրեսից:

Լիվինգսթոնը թուրքամետ գործիչ է եւ հրաժարականից հետո էլ զբաղվում է Թուրքիայի օգտին լոբբիստական գործունեությամբ, մասնավորապես` աշխատանքներ տանելով Կոնգրեսում Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձեւի ընդունման դեմ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG