Մատչելիության հղումներ

Ըստ հայաստանյան հակակոռուպցիոն ՀԿ-ի, «Բարգավաճ Հայաստան»-ն ու ՀՀԿ-ն գերազանցել են օրենքով սահմանված քարոզչական ծախսերը


Ըստ «Տարածաշրջանային զարգացման կենտրոն Թրանսփարենսի ինտերնեյշնլ Հայաստան» հասարակական կազմակերպության ուսումնասիրությունների, մայիսի 12-ի խորհրդարանական ընտրությունների հիմնական հաղթողները` Հայաստանի հանրապետական կուսակցությունը (ՀՀԿ) եւ «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը գերազանցել են օրենքով սահմանված նախընտրական քարոզչության ծախսերը:

Ինչպես հինգշաբթի օրը լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեցին «Թրանսփարենսի ինտերնեյշնլ Հայաստան» կազմակերպության ներկայացուցիչները, «Բարգավաճ Հայաստան»-ը գերազանցել է Ընտրական օրենսգրքով սահմանված 60 միլիոն դրամը` նախընտրական քարոզչանյութերի եւ միջոցառումների համար ծախսելով 129,6 միլիոն դրամ, իսկ ՀՀԿ-ն` 79,1 միլիոն դրամ:

Սրանք հանրապետության միայն երեք խոշոր քաղաքներում կատարված ուսումնասիրությունների արդյունքներն են: «Թրանսփարենսի ինտերնեյշնլ Հայաստան» հասարակական կազմակերպության ղեկավար Ամալյա Կոստանյանը վստահեցրեց, որ իրենք «նուրբ հաշվարկ» են իրականացրել:

«Նուրբ ասելով` ես պետք է նշեմ, որ մենք հաշվի չենք առել բազմաթիվ ծախսեր, փորձել ենք օգտագործել միայն պաշտոնական սակագներ եւ տվյալներ` եթե դրանք առկա են եղել: Եթե չեն եղել, մենք հաշվարկել ենք նվազագույն սակագներով», - պարզաբանեց կազմակերպության նախագահ Ամալյա Կոստանյանը: - «Մենք փորձել ենք ոչ թե տալ ծախսերի փորձագիտական գնահատական, այլ հենց պաշտոնական տեղեկատվություն ստանալ: Այն դեպքերում միայն, երբ չենք ստացել, անկախ փորձագետ ենք հրավիրել այդ ոլորտից, եւ նա նվազագույն սակագներով գնահատել է»:

Կոստանյանի խոսքերով, իրենք նկատի են ունեցել նաեւ «անմեղության կանխավարկածը». - «Հավատացել ենք այն երգիչներին, որոնք հրապարակավ հայտարարել են, որ անվճար են սատարում այս կամ այն կուսակցությանը: Մենք հավատացել ենք այն կուսակցություններին, որոնք հայտարարել են, որ տրանսպորտային ծախսերը, ժամանակավոր շտաբերի աշխատակիցների վճարումը եւ մի շարք այլ ծախսեր փաստորեն նորից եղել են նվիրատվություններ կամ կամավոր աշխատանք»:

Մեկնաբանելով «Թրանսփարենսի ինթերնեյշնլ Հայաստան»-ի հրապարակած թվերը` ՀՀԿ-ի մամուլի խոսնակ Էդուարդ Շարմազանովը ասաց. - «Հանրապետական կուսակցությունը չի անցել 60 միլիոնի սահմանը եւ իր քարոզչությունը իրականացրել է ՀՀ օրենսդրությանը համապատասխան»:

«Բարգավաճ Հայաստան»-ի հանրային կապերի պատասխանատու Բաղդասար Մհերյանը այս կապակցությամբ «Ազատություն» ռադիոկայանին ասաց. - «Ես չգիտեմ, թե հաշվարկման ինչ մեթոդիկա է գործածել ձեր նշած կազմակերպությունը, «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը օրենքի սահմանած կարգով Կենտրոնական ընտրական հանձնաժողով է ներկայացրել հիմնադրամ կատարված մուտքերը եւ ելքերը: «Բարգավաճ Հայաստան»-ը քարոզարշավի ընթացքում ծախսել է մոտ 46 միլիոն դրամ»:

Ըստ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի կայքեջում զետեղված փաստաթղթի, մինչդեռ, «Բարգավաճ Հայաստան»-ը ծախսել է ոչ թե մոտ 46 միլիոն դրամ, այլ ավելի պակաս` 40 միլիոն 4 հազար 800 դրամ:

Իսկ Հանրապետական կուսակցությունը, ըստ կայքեջի, ծախսել է 58 միլիոն 909 հազար 780 դրամ:

Կենտրոնական ընտրական հանձնաժողովի վերստուգիչ, վերահսկիչ ծառայության ղեկավար Արա Հարությունյանը «Ազատություն» ռադիոկայանին փոխանցեց, որ իրենք 20-օրյա ժամկետում` այսինքն մինչեւ հունիսի 17-ը, ուսումնասիրելու են կուսակցությունների ներկայացրած հայտարարագրերի հավաստիությունը, ինչից հետո միայն կհրապարակեն պաշտոնական տվյալներ:

Ամալյա Կոստանյանն այսօր անդրադարձավ նաեւ Բանակի օրվան նվիրված միջոցառումների շարքին, որոնք, նրա խոսքերով, կարելի է հեշտությամբ դիտարկել «որպես ե’ւ թաքնված գովազդ, ե’ւ վարչական, ֆինանսական, պետական ռեսուրսների օգտագործում»:

Ամալյա Կոստանյանը չի բացառում, որ եթե հաշվարկը կատարվեր ամբողջ հանրապետության տարածքով, ապա այլ կուսակցություններ եւս հնարավոր է, որ անցած լինեն 60 միլիոնի սահմանագիծը: Կազմակերպության ներկայացուցիչները վստահ են, որ բացի գրանցված ծախսերից եղել են նաեւ ստվերային գործարքներ:

«Թրանսփարենսի ինտերնեյշնլ Հայաստան»-ի դիտարկմամբ, մի շարք խիստ կոպիտ խախտումներ են արձանագրվել ընտրական գործընթացում` ընդհանուր վերցրած: Ամալյա Կոստանյանը համոզված է, թե ընտրողների մի մասը քվեարկություն է կատարել ոչ միայն ընտրակաշառքով, այլ նաեւ վախի մթնոլորտում. - «Եղել են ահազանգեր, որ բազմաթիվ պետական եւ նույնիսկ մասնավոր հաստատությունների աշխատակիցները սպառնալիքներ են ստացել կամ ցուցումներ` քվեարկելու այս կամ այն կերպ»:

«Թրանսփարենսի iնտերնեյշնլ Հայաստան» կազմակերպությունը իրականացրել է նաեւ հեռախոսային հարցում Երեւանում, Գյումրիում եւ Վանաձորում:

«1018 հարցվողներից 13,75 տոկոսը խոստովանել են, որ իրենց կամ իրենց ծանոթ-բարեկամներին առաջարկել են ընտրակաշառք` 5 հազարից մինչեւ 10 հազար», - հարցման արդյուքները ներկայացրեց Կոստանյանը: - «Խոստովանել են (մոտ 15 տոկոսը), որ ՀՀԿ-ի, ԲՀԿ-ի ՀՅԴ-ի կողմից հավաքվել են անձնագրեր: 38,9 տոկոսը համարել են, որ մաքուր չեն անցել ընտրությունները, 24,95 տոկոսը դժվարացել են պատասխանել այդ հարցին»:


Հովհաննես Շողիկյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG