Մատչելիության հղումներ

Ալիեւը հուսով է Բաքուն տեսնել 2016-ի Օլիմպիադայի անցկացման հիմնական հավակնորդների ցանկում


Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը հուսով է, որ Բաքուն կընդգրկվի 2016 թվականի ամառային Օլիմպիական խաղերի անցկացման հիմնական հավակնորդների ցանկում:

«Նման հույս տածելու հիմք է տալիս երկրի աճող տնտեսական հզորությունը եւ մարզական ենթակառուցվածքի ինտենսիվ զարգացումը», - հայտարարել է Ադրբեջանի նախագահը այսօր Ղազախում, որտեղ մասնակցում էր օլիմպիական համալիրի բացման արարողությանը:

Ղազախի համալիրը, որը նախատեսված է վոլեյբոլի, ձեռքի գնդակի, լողի, արեւելյան մարտարվեստների եւ այլ մարզաձեւերից հանրապետական եւ միջազգային մրցումներ անցկացնելու համար, կառուցվել է Ադրբեջանի սեփական միջոցներով եւ արդեն 11-րդ օլիմպիական համալիրն է երկրում:

ԻՏԱՌ-ՏԱՍՍ գործակալության վկայությամբ, Իլհամ Ալիեւը վստահեցրել է, որ «Ադրբեջանում պետական մակարդակով մեծ ուշադրություն է դարձվում օլիմպիական շարժման զարգացմանը, եւ այդ քաղաքականությունը այսուհետ եւս շարունակվելու է»:

Նա հայտնել է, որ երկրի 20 շրջաններում արդեն կառուցվում են կամ շուտով կկառուցվեն համաշխարհային չափանիշներին համապատասխանող օլիմպիական օբյեկտներ:

Հունիսին Ադրբեջանում անցկացվելու է գեղարվեստական մարմնամարզության Եվրոպայի առաջնությունը, իսկ աշնանը` ըմբշամարտի աշխարհի առաջնությունը, որին մտադիր են մասնակցել նաեւ հայաստանցի ըմբիշները:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG