Մատչելիության հղումներ

«Սյունյաց երկիր». «Սիսիանի քաղաքապետի որդին ծեծել է Վաղատինի գյուղապետին»


«Սյունյաց երկիր» թերթի խմբագրությունից «Ազատություն» ռադիոկայանին հայտնել են, որ անցած շաբաթ Վաղատին գյուղի գյուղապետ Շահեն Գրիգորյանը ծեծի է ենթարկվել Սիսիանի քաղաքապետի որդու՝ Արթուր Սարգսյանի եւ 4 այլ անձանց կողմից:

Խմբագրության ներկայացուցիչները պնդում են, որ մայիսի 24-֊ին Գրիգորյանը «մահակներով ծեծի է ենթարկվել Սիսիան քաղաքում, քաղաքապետի որդուն պատկանող «Ալվինա» օբյեկտում»:

Քաղաքապետի որդին Սյունիքի տարածաշրջանի մաքսատան զննման բաժնի պետն է:

Ըստ խմբագրության ներկայացուցիչների՝ «թեեւ գյուղապետը Հանրապետական կուսակցության անդամ է, բայց կանչվել էր «օտչյոտի» այն բանի համար, թե ինչու է իրեն «սխալ» պահել նախընտրական եւ հետընտրական շրջանում»:

Շահեն Գրիգորյանի հետ հեռախոսով կապվելու` «Ազատություն» ռադիոկայանի փորձերը արդյունք չեն տվել:

Միաժամանակ, այսօր Ոստիկանությունից «Ազատություն» ռադիոկայանին հայտնեցին, որ իսկապես գյուղապետը ծեծի է ենթարկվել: Ոստիկանության տվյալներով՝ մայիսի 25-֊ին Աղիտուի զինվորական հոսպիտալից հաղորդում է ստացվել, որ դեմքի մասում ստացած սալջարդով իրենց բուժօգնությանն է դիմել Շահեն Գրիգորյանը: Նա հայտնել է, որ նշված վնասվածքը ստացել է ծեծի ենթարկվելու հետեւանքով: Ըստ Ոստիկանության՝ «պարզվել է, որ մայիսի 24-֊ին «Ալվինա-֊Արթուր» ՍՊԸ-ին պատկանող ռեստորանի բակում վիճաբանության ժամանակ Գարեգին Բ.-֊ն ծեծի է ենթարկել Շահեն Գրիգորյանին եւ պատճառել վնասվածք: Գյուղապետին տրվել է դատաբժշկական ուղեգիր, կատարվում է հետաքննություն»:

Գործի հետագա ընթացքը կորոշվի դատաբժշկի եզրակացությունից հետո:

Միաժամանակ, Սիսիանի քաղաքապետ Լավրենտ Սարգսյանը «Ազատություն» ռադիոկայանին հայտնեց, որ Վաղատինի գյուղապետը իր քրոջ դստեր ամուսինն է: «Ինչո՞ւ պետք է մենք մերոնց ծեծենք»,֊ - հարցրեց նա:

Շահեն Գրիգորյանին ծեծի ենթարկելու մասին լուրերը նա «հերյուրանք» անվանեց: «Այդ մարդը բողոք չունի, նա գրել է, որ բողոք չունի: Ես իր հետ խոսել եմ, ասել է՝ ոչ մի բան չկա, ամեն ինչ նորմալ է», - ասաց Սիսիանի քաղաքապետը:


Ռուզաննա Ստեփանյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG