Մատչելիության հղումներ

Մամուլի տեսություն


(շաբաթ, 28-ը մայիսի)

«168 ժամ»-֊ը, փաստելով, որ Լեւոն Գուլյանի մահը առաջինը չէ, որ ոստիկանության աշխատանքի վերաբերյալ հարցեր է հարուցում, հիշեցնում է. - «1995 թվականի ապրիլին Ազգային անվտանգության մեկուսարանում անհայտ հանգամանքներում մահացել է «Դրոյի» գործով կասկածյալ Արտավազդ Մանուկյանը: Պաշտոնական հաղորդագրությամբ՝ նա մահացել է թութքից: Ոչ ոք պատասխանատվության չի ենթարկվել: 1997 թվականի ապրիլին Երեւանի Խորհրդային ներքին գործերի բաժին բերման է ենթարկվել 17-֊ամյա Սամվել Վիրաբյանը, եւ մի քանի օր անց ծնողներին է հանձնվել նրա դիակը՝ բռնության ակնհայտ հետքերով: Ոչ ոք պատասխանատվության չի ենթարկվել: 1998 թվականին Աբովյան քաղաքի ներքին գործերի բաժնում սպանվել է Էդուարդ Վարդանյանը: Ըստ պաշտոնական հաղորդագրության՝ նա, փորձելով փախչել երրորդ հարկի պատուհանից, ընկել՝ մահացել է: Ոչ ոք պատասխանատվության չի ենթարկվել: 1999 թվականի հուլիսի 23-֊ին Արսեն Ստեփանյանին տանում են Երեւանի Արաբկիրի շրջանի ներքին գործերի բաժին ու ծեծում: Տուն վերադառնալուց երկու ժամ հետո նա մահանում է ինֆարկտից: Մարմնի վրա հայտնաբերվել են արյան զեղումներ եւ կողոսկրերի կոտրվածքներ: Ոչ ոք պատասխանատվության չի ենթարկվել»:

«Չորրորդ իշխանություն»-ը, փորձելով կռահել, թե որ նախարարական պորտֆելը բաժին կհասնի այս կամ այն կուսակցությանը, գրում է. - «Դաշնակցությունը եւ «Բարգավաճ Հայաստան»-֊ը ստանալու են երեքական նախարարական պորտֆելներ. Դաշնակցությունը՝ կրթության եւ գիտության, սոցիալական ապահովության եւ գյուղատնտեսության՝ նախարարներ կմնան, համապատասխանաբար, Լեւոն Մկրտչյանը, Աղվան Վարդանյանը եւ Դավիթ Լոքյանը: Իսկ «Բարգավաճ Հայաստան»֊-ը կստանա քաղաքաշինության, առողջապահության նախարարությունները եւ սպորտկոմիտեն՝ նախարարներ կդառնան Վարդան Վարդանյանը եւ Արտյոմ Քուշկյանը, երրորդը՝ սպորտկոմիտեի նոր նախագահի անունը դեռ չի որոշված. հիշենք՝ Իշխան Զաքարյանը կդառնա Ազգային ժողովի փոխխոսնակ»:

Իսկ «Հայք»֊ը կանխատեսում է. - «Մեր ունեցած տեղեկություններով, Հանրապետական կուսակցությունը մտադիր է «Բարգավաճ Հայաստան»-ին տալ նախարարի երկու պորտֆել: «Բարգավաճ Հայաստան»֊-ին նրանք բաժին են հանելու գյուղատնտեսության եւ առողջապահության նախարարի պաշտոնները: Նկատենք, որ սա դիպուկ ընտրություն է: Նախընտրական քարոզարշավի եւ դրան նախորդող ողջ ժամանակահատվածում «Բարգավաճ Հայաստան»֊-ը գյուղերում անվճար կարտոֆիլի սերմացու եւ տուկի թել էր բաժանում եւ գյուղացիների համար անվճար բուժհետազոտություն կազմակերպում»:

«Հայկական ժամանակ»-֊ի ունեցած հավաստի տեղեկություններով՝ Երեւանի քաղաքապետ Երվանդ Զախարյանը կմնա իր պաշտոնում առնվազն մինչեւ հաջորդ տարվա սկիզբը. - «Այս մասին արդեն պայմանավորվել են Սերժ Սարգսյանը եւ Ռոբերտ Քոչարյանը»: Մինչդեռ, «Ժամանակ Երեւան»-֊ը տրամագծորեն հակառակ պատկերն է նկարագրում. - «Մեզ հասած լուրերով՝ շուտով իր պաշտոնին հրաժեշտ է տալու Երեւանի քաղաքապետ Երվանդ Զախարյանը: Թեեւ Ռոբերտ Քոչարյանը նրան երաշխիք է տվել, որ «քանի ես կամ, դու մնալու ես», գաղտնիք չէ, որ նրանք «օրթախ ախպերներ են», բայց ասում են՝ Զախարյանի պաշտոնանկության հարցը Սերժ Սարգսյանի համար սկզբունքային է: Սերժ Սարգսյանը, ըստ որոշ լուրերի, միակ զիջումն է արել Քոչարյանին՝ համաձայնել է, որ այս պաշտոնն առաջիկայում զբաղեցնի նրա աշխատակազմի ղեկավար նշանավոր Արմենչիկը՝ Արմեն Գեւորգյանը»:

Հայաստանի գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանը «Առավոտ»-ի հարցին, թե արդյոք ճի՞շտ են խոսակցությունները, ըստ որոնց` իրեն մտադիր են տալ Հայաստանի արդարադատության նախարարի պաշտոնը, պատասխանել է. - «Անհեթեթ ասեկոսեներ են: Գլխավոր դատախազը բազմիցս հայտարարել է, որ այլ համակարգում աշխատելու մտադրություն չունի»:


Արմեն Դուլյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG