Մատչելիության հղումներ

Մոսկվայում բացվում է Լրագրողների միջազգային ֆեդերացիայի տարեկան համագումարը


Մոսկվայում այսօր բացվում է Լրագրողների միջազգային ֆեդերացիայի տարեկան համագումարը, որին մասնակցելու համար Ռուսաստանի մայրաքաղաք են ժամանել լրագրողներ եւ զանգվածային լրատվամիջոցների պատասխանատուներ ավելի քան 100 երկրներից:

Համագումարի առանցքային թեման է՝ «Լրատվությունը ծառայում է ժողովրդավարությանը»: Համագումարի օրակարգում երեք հիմնական խնդիրներ են` «Լրագրողների սպանություններն ու անպատժելիությունը», «Մամուլի որակը եւ պայքարն անհանդուրժողականության դեմ», «Արժանապատիվ աշխատանքային պայմաններ լրագրողների համար»:

«Մենք ուզում ենք, որ այս համագումարը համերաշխություն հայտնի աշխարհի տարբեր երկրներում հալածանքների ենթարկվող լրագրողներին, եւ մենք հատուկ ուշադրություն ենք դարձնելու մեր ռուսաստանցի գործընկերների խնդիրներին», - մոսկովյան համագումարի նախօրեին ասել է Լրագրողների միջազգային ֆեդերացիայի նախագահ Քրիսթոֆեր Ուորենը:

Համագումարի մասնակիցներից շատերը խորհրդանշական են համարում, որ հավաքն անցնում է մի երկրում, որտեղ վերջին ժամանակաշրջանում էապես վատթարացել է մամուլի վիճակը:

Կրեմլը շատ նյարդային է արձագանքում քննադատությանը եւ փորձում է վերահսկել խմբագրությունների աշխատանքը:

Այդ վտանգավոր միտումների մասին «Ազատություն» ռադիոկայանին տված հարցազրույցում խոսել է Ռուսաստանի ժուռնալիստների միության նախագահ Իգոր 3ակովենկոն, ով, մասնավորապես, հայտարարել է. - «Հետզհետե ակնհայտ է դառնում, որ զանգվածային լրատվամիջոցներն ուղղակիորեն կամ միջնորդավորված կերպով հայտնվում են Կրեմլի հսկողության ներքո: Խոսքի ազատությունը Ռուսաստանում աստիճանաբար սահմանափակվում է»:

Լրագրողների միջազգային ֆեդերացիայի համագումարները տեղի են ունենում երեք տարին մեկ անգամ: Մոսկովյան համագումարը կավարտվի հունիսի 2-ին:


Արմեն Քոլոյան, Պրահա

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG