Մատչելիության հղումներ

Քոչարյանն ու Ալիեւը կհանդիպեն հունիսի 9-ին Սանկտ Պետերբուրգում


Ինչպես այսօր Բաքվում հայտարարել են Եվրոպայում անվտանգության եւ համագործակցության կազմակերպության (ԵԱՀԿ) Մինսկի խմբի ռուսաստանցի եւ ֆրանսիացի համանախագահներ Յուրի Մերզլյակովը եւ Բեռնար Ֆասիեն, Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահներ Ռոբերտ Քոչարյանը եւ Իլհամ Ալիեւը ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման շուրջ հերթական անգամ կբանակցեն հունիսի 9-ին Սանկտ Պետերբուրգում:

Մերզլյակովն ու Ֆասիեն ուրբաթ օրը Բաքվում բանակցել են Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի եւ արտգործնախարար Էլմար Մամեդյարովի հետ:

Ադրբեջանի նախագահը համաձայնել է Սանկտ Պետերբուրգում հանդիպել Ռոբերտ Քոչարյանի հետ: Հայաստանի նախագահը այդ համաձայնությունը տվել էր այս շաբաթ ավելի վաղ` համանախագահների հետ Երեւանում անցկացրած բանակցությունների ժամանակ:

Քոչարյանն ու Ալիեւը Սանկտ Պետերբուրգում մասնակցելու են ԱՊՀ-ի ոչ պաշտոնական գագաթնաժողովին:

«Կարծում եմ, երկու նախագահների հանդիպումը կարող է արագացնել հակամարտության կարգավորման գործընթացը: Կողմերը իրոք մոտ են հիմնարար սկզբունքների շուրջ համաձայության հասնելու հարցում:
Սակայն Լեռնային Ղարաբաղի խաղաղ կարգավորման համաձայնագրի վերջնական տեքստի մասին խոսելը դեռ վաղաժամ է», - լրագրողներին ասաց ռուսաստանցի համանախագահ Յուրի Մերզլյակովը:

«Այսպիսի ծանր հակամարտությունը մեկ հանդիպումով հնարավոր չէ լուծել», - ասաց ֆրանսիացի հանախագահը` հավելելով. - «Lաչինի միջանցքի հարցում կողմերի դիրորոշումները միմյանց չեն մոտենում: Այս հարցը նոււյնպես քննարկվելու է երկու նախագահների հանդիպմանը: Եվս մեկ անգամ նշեմ` շատ բան կախված է նախագահների հանդիպումից»:

Հայաստանի արտգործնախարար Վարդան Օսկանյանի կարծիքով, Սանկտ Պետերբուրգում կայանալիք Քոչարյան-Ալիեւ հանդիպումը «բավական վճռորոշ կլինի, դրանից հետո մեզ համար ավելի հստակ կդառնա, թե այս տարվա ընթացքում լրացուցիչ առաջընթաց հնարավոր է սպասել, թե չէ»:


Հրաչ Մելքումյան, Պրահա եւ Կարինե Քալանթարյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG