Մատչելիության հղումներ

Ուկրաինայի ներքին զորքերը անցան նախագահի ենթակայության տակ


Ուկրաինայի նախագահ Վիկտոր Յուշչենկոն այսօր հրամանագիր է ստորագրել, որով ներքին զորքերը հանել է ներքին գործերի նախարարության ենթակայությունից եւ մտցրել երկրի նախագահի ենթակայության տակ:

Ռուսաստանյան «Նովոստի» լրատվական գործակալության վկայությամբ, «Ներքին զորքերի կառավարման համակարգը Ուկրաինայի սահմանադրությանը համապատասխանեցնելու մասին» վերտառությամբ հրամանագիրը տեղադրվել է նախագահի պաշտոնական կայքէջում եւ ուժի մեջ մտել հրապարակման պահից:

Յուշչենկոն որպես իր այդ քայլի նպատակ մատնանշում է «ազգային շահերին իրական եւ պոտենցիալ սպառնալիքների կանխումը եւ չեզոքացումը ապահովելը, որոշակի քաղաքական ուժերի շահերին Ուկրաինայի ՆԳՆ-ի ներքին զորքերը ծառայեցնելը թույլ չտալը»:

Ուկրաինայի նախագահը ներքին զորքերի հրամանատար Ալեքսանդր Կիխտենկոյին կարգադրել է «անհապաղ հասցնել հրամանագիրը ներքին գործերի հրամանատարությանը եւ անձնակազմին»:

Նախօրեին Յուշչենկոն պաշտոնանկ է արել գլխավոր դատախազ Սվյատոսլավ Պիսկունին եւ գլխավոր դատախազի պաշտոնակատար է նշանակել Վիկտոր Շեմչուկին: Պիսկունը իր պաշտոնանկությունը կապում է Սահմանադրական դատարանի անդամների նկատմամբ Անվտանգության ծառայության հարուցած գործը փակելու` գլխավոր դատախազության որոշման հետ:

Խորհրդարանական կոալիցիայի պատգամավորները եւ ներքին գործերի նախարարը պաշտպանում են Պիսկունին: Ներքին գործերի նախարար Ցուշկոն «Բերկուտ» հատուկ ստորաբաժանման ուղեկցությամբ մտել է գլխավոր դատախազության շենք եւ հրամայել ձերբակալել Պետական պահպանության վարչության աշխատակիցներին:

Ուկրաինայի ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Իվան Պլյուշչը ներքին գործերի նախարարի գործողությունները որակել է իրավապահ գերատեսչության բռնազավթման փորձ, իսկ գլխավոր դատախազի պաշտոնակատարը քրեական գործ է հարուցել համապատասխան հոդվածով:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG