Մատչելիության հղումներ

«Օրինաց երկիր» խմբակցություն. «Բալասանյանն իրեն է վերագրում կուսակցության հազարավոր անդամների աշխատանքը»


Նորընտիր խորհրդարանի «Օրինաց երկիր» խմբակցության 8 անդամները բացասական են գնահատում «Օրինաց երկիր»-ից դուրս եկած Սամվել Բալասանյանի հայտարարությունը մայիսի 12-ի ընտրություններում իր կողմից կուսակցությանը 18 տոկոս ձայներ բերելու վերաբերյալ:

«Խիստ բացասական գնահատելով կուսակցության հազարավոր անդամների կատարած աշխատանքները իրեն վերագրելու այս չհիմնավորված բարդույթը, մենք անընդունելի ենք համարում անձնական նեղ շահերից ելնելով որեւիցե քննադատության չդիմացող այս քայլի ամեն գնով արդարացումը», - ասված է խմբակցության անդամների այսօրվա հայտարարությունում:

Նշելով, որ «որոշակի շրջանակների կողմից ակտիվորեն շրջանառվում է այլ պատգամավորների` խմբակցությունից դուրս գալու լուրը», հայտարարության հեղինակները դատապարտում են նման «ստահոդ» լուրերի տարածումը եւ փաստում, որ իրենք հավատարիմ են «Օրինաց երկիր» խմբակցության անդամի կոչմանը եւ առաջիկա 5 տարիների ընթացքում կանեն հնարավորը` կուսակցության ծրագրերի իրականացման համար:

Թիվ 35 ընտրատարածքում (Գյումրի) «Օրինաց երկիր» կուսակցության առաջադրմամբ մեծամասնական ընտրակարգով պատգամավոր ընտրված Սամվել Բալասանյանը օրերս դուրս է եկել կուսակցությունից եւ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահին է դիմել իրեն նորընտիր խորհրդարանի «Օրինաց երկիր» խմբակցությունում չընդգրկելու խնդրանքով:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG