Մատչելիության հղումներ

Մամուլի տեսություն


«Հայք»-ի փոխանցմամբ, Գյումրիում տեղի ունեցած վերջին դեպքերից հետո Ռոբերտ Քոչարյանը Սերժ Սարգսյանին առաջարկել է պաշտոնանկ անել Գյումրիի քաղաքապետ Վարդան Ղուկասյանին: «Բնականաբար, Սարգսյանն ընդդիմացել է: Բանն այն է, որ առանց Ղուկասյանի ՀՀԿ-ն Գյումրիում ի վիճակի չէ զանգվածային ընտրախախտումներ անել: Ինչ վերաբերում է Ռոբերտ Քոչարյանին, ապա նա գիտակցում է, որ առանց Գյումրիի ներկայիս քաղաքապետի, ԲՀԿ-ն կկարողանա այնտեղ ընտրակեղծիքների գործն իր վրա վերցնել եւ հասնել ցանկալի արդյունքների նախագահական ընտրություններում», - գրում է թերթը:

Գնահատելով ընդդիմադիր որոշ ուժերի կողմից ընտրությունների արդյունքները Սահմանադրական դատարանում վիճարկելու մտադրությունը` «Հայոց Աշխարհ» թերթի մեկնաբանը ընդգծել է. - «Ընդդիմությունը չունի ընտրությունների կեղծման մասին վկայող բավականաչափ համոզիչ փաստեր։ Ի վերջո ե՛ւ ինքը կհայտնվի հիմար վիճակում, ե՛ւ մի ավելորդ անգամ կապացուցի երկրին ու աշխարհին, որ իշխանությունն օժտված է լեգիտիմության մեծ ռեսուրսով: Նույնը կարելի է ասել նաեւ այս ընտրություններում 1-2 տոկոս հավաքած «առաջնորդների» մասին, որոնք արդեն այսօր նետվել են հայտարարելու 2008 թվականի նախագահական ընտրություններին մասնակցելու իրենց վճռականության մասին»։ «Անհեթեթություն է, իհարկե, օդի տատանում, բայց բուն ընդդիմության համար՝ մահացու երեւույթ։ Մի՞թե նրանք դա չեն հասկանում։ Ընդդիմությունը տեսանելի ապագայում պետք է մտածի ոչ թե հաղթանակի, այլ գոյատեւման մասին», - եզրակացրել է մեկնաբանը։

Անցած ընտրություններին անդրադառնալով` «Հայկական ժամանակ»-ի խմբագրականը հետահայաց գնահատել է. - «Մենք փոփոխությունների հնարավորությունը, ինչպես քաղաքակիրթ շատ երկրներում, տեսնում ենք ընտրությունների մեջ։ Վերջին ընտրությունները, սակայն, ցույց տվեցին, որ ընտրությունները, որպես այդպիսին չեն կարող փոփոխությունների մեխանիզմ լինել։ Ավելին, ամեն մի ընտրություն մեզ ավելի է մոտեցնում տոտալիտարիզմին: Մայիսի 12-ին տեղի ունեցած ընտրությունների առանձնահատկությունը հենց սրա մեջ էր. Հայաստանում գրեթե բոլորը դժգոհ են ստեղծված իրավիճակից, ուղղակի տանել չեն կարողանում Հանրապետական կոչվող կուսակցությանն ու նրա լիդերներին, նրանց համարում են հանցագործ ու թալանչի, բայց ընտրություններում այդ կուսակցությունը ստանում է մի այնպիսի մեծամասնություն, որի մասին դժվար է անգամ երեւակայել»:

«Գոլոս Արմենիի» թերթի մեկնաբանը, գնահատելով նոր կառավարության կազմավորման շարժառիթները, առանձնացրել է. - «Միանգամայն ակնհայտ է, որ արգահատելի դեմքերը չպետք է մտնեն նոր կաբինետի կազմի մեջ, հակառակ դեպքում բնակչությունը դժվար թե իշխանության կուսակցության հետ դրական փոփոխությունների որեւէ հույս կապի»։ «Դատելով, ընտրությունների արդյունքներից, պատգամավորական կորպուսի օրենսդրական գործունեության համար պիտանի մասը միավորներով է հաշվելու, իսկ ոչ պիտանի մասը՝ տասնյակներով», - գրել է մեկնաբանն ու եզրակացրել. - «Նոր պատգամավորական կորպուսը դժվար թե բնակչությանը ավելի մեծ վստահություն ու լավատեսություն ներշնչի, քան նախորդը։ Այնպես որ, ողջ հույս կառավարության վրա է»։

«168 ժամ» թերթի խմբագրականը, նկատելով, որ «մինչ Գյումրիի քաղաքապետ Վարդան Ղուկասյանը գյումրեցիներին հատուկ հումորով հայտարարում է, թե «իրար վրա կրակոցները սարքած են մեծամասամբ, քանի որ այսօր դա էլ ապացուցված չէ», վերոհիշյալ «չապացուցված» փոխհրաձգության արդյունքում վիրավորված Համասփյուռ տատիկին լրագրողները չեն կարողանում գտնել նույնիսկ համասփյուռի (ինտերնետի) որոնողական ցանցով»։ «Հարազատները հավաստիացնում են, որ 74-ամյա Համասփյուռ տատիկը մեկնել է հանգստի», - փոխանցել է թերթն ու հեգնանքով հավելել. - «Փաստորեն, Հայաստանում ամառային հանգիստն անցկացնելու բոլորովին նոր եւ անվճար ձեւ կա. ներկա ես գտնվում որեւէ «չապացուցված» փոխհրաձգության, մի թեթեւ վիրավորվում, ապա հակամարտող կողմերից մեկի հաշվին ամառային հանգիստն անցկացնում հայրենի բնության գեղատեսիլ վայրերից մեկում»։ «Այնպես որ, եթե դատախազությունը շարունակի նույն եռանդով բացահայտել բոլոր «ռազբորկաները», ՀՀ ազգաբնակչության զգալի մասի հանգիստն ապահովված է», - եզրակացրել է թերթը։


Ատոմ Մարգարյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG