Մատչելիության հղումներ

Amnesty International. «Հայաստանում շարունակվում են անկախ լրագրողների դեմ սպառնալիքները»


Amnesty International միջազգային իրավապաշտպան կազմակերպությունը իր տարեկան զեկույցում նշում է, որ Հայաստանում շարունակվում են անկախ լրագրողների դեմ սպառնալիքները, ինչպես նաեւ դավանանքի, համոզմունքների պատճառով զինվորական ծառայությունից հրաժարվողների ձերբակալությունները:

«Հայաստանում այլընտրանքային ծառայությունը գտնվում է զինվորականների վերահսկողության տակ: Չկա իրական քաղաքացիական այլընտրանքային ծառայություն», - արձանագրում է Amnesty International-ը:

Ըստ իրավապաշտպան կազմակերպության ստացած հաղորդումների, անցած տարվա նոյեմբերի դրությամբ 48 «Եհովայի վկաներ» եւ մեկ մոլոկան ազատազրկման մեջ են եղել զինվորական ծառայությունից խուսափելու մեղադրանքով, 44 «Եհովայի վկաներ» դատապարտվել են 18-ից մինչեւ 48 ամսվա ազատազրկման:

Զեկույցում նշվում է, որ մայիսին 19 «Եհովայի վկաներ» դիմել էին Մարդու իրավունքների եվրոպական դատարան, 19 դիմողներից 15-ը ձերբակալվել էին 2005 թվականի օգոստոսին, դատապարտվել 2-3,5 տարվա ազատազրկման Քրեական օրենսգրքի` զինվորական ծառայությունից խուսափելու համար պատասխանատվություն սահմանող հոդվածով: Նոյեմբերին այս գործը կարճվել է. բոլոր 19 հայցվորները արդարացվել են:

Իրավապաշտպանները հայտնում են անկախ լրագրողների դեմ ճնշումների մասին. լրագրողների վրա կատարվել է երկու հարձակում, մահվան սպառնալիքներ են եղել, ինչպես նաեւ վնաս է հասցվել նրանց անձնական գույքին:

Հիշատակվում է, որ սեպտեմբերի 6-ին երկու անհայտ անձինք ծեծի են ենթարկել «Իրավունք» թերթի խմբագիր Հովհաննես Գալաջյանին:

Հուլիսին «Հետք օնլայն»-ի անկախ լրագրողները սպառնալից նամակներ են ստացել, այդ թվում` մահվան սպառնալիքներով:

Հիշատակվում է նաեւ, որ մարդու իրավունքների նախկին պաշտպան Lարիսա Ալավերդյանը պաշտոնից հեռացվեց երկրի նախագահի հրամանագրով: Ալավերդյանը պնդում է, որ իրեն հեռացնելը հակասահմանադրական էր: Lարիսա Ալավերդյանի, ինչպես նաեւ այլ իրավապաշտպանների կարծիքով, նա հեռացվել է կառավարության քաղաքականությունը եւ գործելաոճը քննադատելու համար:

Amnesty International-ը անդրադարձել է փաստաբան Վահե Գրիգորյանի գործին, ով Երեւանի կենտրոնից վտարված ընտանիքների խորհրդատուն էր: Գրիգորյանը 2005-ի հոկտեմբերին կալանավորվել էր զեղծարարության մեղադրանքով, իսկ ավելի ուշ` ազատ արձակվել գրավի դիմաց: Փաստաբանը պնդում է, որ իր ձերբակալությունը քաղաքական շարժառիթներ ուներ:


Հրաչ Մելքումյան, Պրահա

Ուղիղ հեռարձակում

Recommended

XS
SM
MD
LG