Մատչելիության հղումներ

Քըրք Քըրքորյանը պատրաստվում է հերթական խոշոր գործարքները կատարել


Քըրք Քըրքորյանը ցանկանում է «Էմ Ջի Էմ Միրաժ» ընկերությունից գնել Lաս Վեգասի հայտնի «Բելաջիո» խաղատունը` իր հյուրանոցային համալիրով, եւ դեռ կառուցվող «Սիթի սենթր» համալիրը: Երկու գործարքները ամերիկահայ միլիարդատիրոջը կարժենան 11-12 միլիարդ դոլար:

Այդ լուրը իսկույն աշխուժություն է առաջացրել շուկայում`
«Էմ Ջի Էմ Միրաժ»-ի բաժնետոմսերի գինը բարձրացել է 16 տոկոսով:

«Սիթի սենթր»-ի կառուցումը նախատեսվում է ավարտել 2010 թվականին: 26 հեկտարից ավելի տարածքի վրա կառուցվում է հյուրանոց` 1650 բարձրակարգ եւ 4000 սովորական համարներով, 51 հազար քառակուսի մետրի վրա լինելու են առեւտրի, զվարճանքի օբյեկտներ, ռեստորաններ:

«Բելաջիո» խաղատուն-հյուրանոցը «Էմ Ջի Էմ Միրաժ»-ին է պատկանում 2000 թվականից: Միայն խաղատունը 10 հազար քառակուսի մետրից ավելի տարածք է զբաղեցնում, հաճախորդներին առաջարկվում են հյուրանոցի շուրջ 4000 համարները: Համալիրի տարածքում կա նաեւ արհեստական լճակ` 32 հազար քառակուսի մետր մակերեսով:

Այս երկու գործարքները կատարելու համար Քըրքորյանին անհրաժեշտ է հակամենաշնորհային մարմինների թույլտվությունը:

Քըրքորյանի հիմնադրած «Թրասինդա» ընկերությունը արդեն իսկ «Էմ Ջի Էմ Միրաժ»-ի բաժնետոմսերի 56 տոկոսի սեփականատերն է: «Թրասինդա» անվանումը Քըրքոյանի երկու դուստրերի` Թրեյսիի եւ Լինդայի անունների համադրությունն է:

Քըրք Քըրքորյանը մեկ ամսից կդառնա 90 տարեկան:

Ամերիկահայ միլիարդատերը Հայաստանին տասնյակ միլիոնավոր դոլարներ է նվիրաբերել տարբեր ծրագրեր իրականացնելու համար, հիմնականում` շինարարական:


Հրաչ Մելքումյան, Պրահա

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG