Մատչելիության հղումներ

Մամուլի տեսություն


«Հայք»-ի փոխանցմամբ, դաշնակցականները այս օրերին մտածում են` մտնե՞լ, թե՞ չմտնել կոալիցիոն կառավարության մեջ: «ՀՅԴ-ականների մի մասը համոզված է, որ նախագահի ընտրություններից առաջ հարկ չկա մաս կազմել կառավարությանը եւ գցել կուսակցության առանց այն էլ ցածր վարկանիշը, իսկ մի մասն էլ կողմ է կոալիցիային մաս կազմելուն», - գրում է թերթը:

«Առավոտ»-ի գլխավոր խմբագիրն այսօր դիտարկել է. - «Այն պայմաններում, երբ ընտրությունների ժամանակ ազգիս ողջ «սերուցքը» «չոռնի նալով» միլիոնավոր դոլարներ է շաղ տալիս, պարզվում է, աշխարհիս ամենավտանգավոր հանցագործը Ալեքսանդր Արզումանյանն է, որի տանը հայտնաբերվել է 54 հազար դոլար, եւ որը, ըստ այդմ, մեղադրվում է փողերի լվացման մեջ»։ «Ստացվում է, երբ իշխանության գրպանում գտնվող քրեական տարրերը անհայտ ծագման միլիոններ են ծախսում՝ վերընտրվելու եւ, ի վերջո, այդ իշխանությունն ամրապնդելու համար, դա նորմալ է։ Երբ Հայաստանում ինչ-ինչ շահեր ունեցող արտասահմանցիները փող են ուղարկում՝ այստեղ քաղաքական հարցեր լուծելու համար, դա հանցագործություն է», - նկատել է գլխավոր խմբագիրն ու բխեցրել. - «Ուրեմն պետք է գտնել այն իրավական մեխանիզմները, որոնք կբացառեն այդ երեւույթները։ Բոլոր ուժերի պարագայում` իշխանական, թե ընդդիմադիր։ Եվ ոչ թե մոգոնել «փողերի լվացման» անհեթեթ մեղադրանքներ»։

«Հայոց Աշխարհ» թերթի հարցազրույցում նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը կարծիք է հայտնել, թե «իշխանական ողջ պատասխանատվությունը Հանրապետականը չի ստանձնի եւ միայնակ կառավարություն չի ձեւավորի»` միաժամանակ, բնական համարելով, որ «կոալիցիա կազմելու առաջարկ կարվի Դաշնակցությանը, գուցե նաեւ՝ «Բարգավաճ Հայաստանի»-ին»։ «Հաշվի առնելով խորհրդարանական կուսակցությունների ռազմավարական ներուժը, ամենաարդյունավետ համագործակցություն Հանրապետականը կարող է ունենալ Դաշնակցության եւ «Ժառանգություն» կուսակցության հետ», - հավելել է Բագրատյանը։

Արձանագրելով, որ «մայիսի 12-ի խորհրդանական ընտրություններից հետո մոտ 15 տոկոսով բարձրացել են ալյուրի եւ դրա հետեւանքով շուտով կբարձրանան նաեւ հացի գները»` «Ժամանակ-Երեւան» թերթը վկայակոչել է պաշտոնական հիմնավորումը, թե «իբր աշխարհում հացահատիկի գների բարձրացում է նկատվում»։ Թերթի նկատել է, որ «եթե անգամ հետագայում դրսում գները վերադառնում են նախկին մակարդակին, ապա հայ բիզնեսմենները երբեք դրանց չեն հետեւում»։ «Սա է պատճառը, որ հայ մարդիկ չեն հավատում միջազգային գների բարձրացման բլեֆին: Նրանք կարծում են, որ հացի գների բարձրացմամբ իշխանությունները փորձում են ետ բերել ընտրությունների ժամանակ ծախսած գումարները», - հավելել է թերթը։

Հացի ու բենզինի թանկացման փաստին անդրադառնալով` «Հայկական ժամանակ»-ի վերլուծաբանը «Հատուցման ժամը» վերնագրի տակ գնահատել է. - «Սա ոչ այլ ինչ է, քան նախընտրական շրջանում իրականացված ծախսերի՝ ընտրակաշառքների վերադարձման գործընթաց։ Սա պարզից էլ պարզ է, եւ այստեղ խոր տնտեսագիտական վերլուծությունների ու բարդ հաշվարկների անհրաժեշտություն չկա: Ընտրություններից հետո դրամը կրկին սկսել է սրընթաց արժեվորվել։ Եվ դրա հետ մեկտեղ աճում են ապրանքների՝ դրամով արտահայտված գները։ Այսինքն՝ ներկրողները շահում են ոչ միայն ապրանքների գները աճեցնելու արդյունքում, այլ, միաժամանակ, նաեւ դրամի արժեվորումից։ Մի խոսքով կրկնակի շահ են ստանում... Եթե ուշադրություն ենք դարձնում այն պարզ ճշմարտության վրա, որ իշխանական կուսակցությունների նախընտրական ոչ լեգալ, բայց ահռելի ծախսերը նախընտրական շրջանում իրականացնում էին այդ կուսակցություններում ներառված կամ դրանց կողքերը ֆռֆռացող խոշոր ներկրողները, ամեն ինչ իր տեղն է ընկնում։ Նման անկշտությունը կարող է պայմանավորված լինել բացառապես մի բանով՝ կատարված ծախսերը հնարավորինս շուտ ետ վերադարձնելու անհրաժեշտությամբ», - ամփոփել է վերլուծաբանը։


Ատոմ Մարգարյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG