Մատչելիության հղումներ

Ֆրանսիայում անգլալեզու ռադիոկայանները բողոքում են հեռարձակման արտոնագրերի մերժման կապակցությամբ


Երեքշաբթի օրը Փարիզում իրենց բողոքն են բարձրաձայնել անգլալեզու ռադիոկայանները` FM հաճախականությամբ հեռարձակման արտոնագրերի մերժման կապակցությամբ:

«Ֆրանսպրես» գործակալության փոխանցմամբ, անգլալեզու ռադիոկայանները շեշտել են, որ Փարիզում հեռարձակվում են հայերեն, պորտուգալերեն եւ արաբերեն ռադիոկայանների հաղորդումները, բայց չկա անգլերեն հեռարձակող որեւէ ռադիոկայան:

The BBC World Service, Paris Live Radio եւ World Radio Paris
ընկերությունները չեն անցել Ֆրանսիայում հեռարձակման արտոնագրեր տրամադրող մարմնի հայտարարած մրցույթի հերթական փուլ:

«Աննախադեպ է, որ աշխարհի մեծագույն քաղաքներից մեկում անգլերենով գոնե մեկ տեղական ռադիոկայան չլինի», - ասել է արբանյակային եւ կաբելային եղանակով հեռարձակվող Paris Live Radio-ի տնօրեն Յան Դունկանը:

«Որոշումն անսովոր է: Այն հաշվի չի առնում, որ Փարիզն այսօր աշխարհի ամենաշատ այցելուներ ունեցող քաղաքներից մեկն է: Հաշվի առնվել է արդյոք, որ ամեն տարի Փարիզ այցելում են մոտավորապես 20 միլիոն անգլախոս զբոսաշրջիկներ»:

«Ֆրանսիայի իշխանությունները վախենում են անգլերեն լեզվից», - հայտարարել է World Radio Paris ռադիոընկերության տնօրեն Դեյվիդ Բլանշը:


Հրաչ Մելքումյան, Պրահա

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG