Մատչելիության հղումներ

Երեւան են ժամանում ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի համանախագահները


Այսօր Երեւան են ժամանում ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի համանախագահները: Ինչպես «Ազատություն» ռադիոկայանին փոխանցեց Հայաստանի արտգործնախարարության մամուլի եւ տեղեկատվության վարչության պետի պաշտոնակատար Վլադիմիր Կարապետյանը, չորեքշաբթի օրը նախատեսված են համանախագահների հանդիպումները նախագահ Ռոբերտ Քոչարյանի եւ արտգործնախարար Վարդան Օսկանյանի հետ: Այնուհետեւ համանախագահները մեկնելու են Ադրբեջան:

«Համանախագահների մայիսի 22-ի ծրագրի վերաբերյալ ինձ որեւէ բան հայտնի չէ», - ասաց Վլադիմիր Կարապետյանը` միաժամանակ շեշտելով, որ ձեռնպահ կմնար ենթադրություններից, թե նրանք Լեռնային Ղարաբաղ էլ են այցելելու:

Նրա խոսքերով, մինչեւ ժամանումը համանախագահները չեն բարձրացրել նաեւ վարչապետ Սերժ Սարգսյանի հետ հանդիպման հարց. - «Շատ հնարավոր է, որ իրենք այստեղ ներկայացնեն ինչ-որ ցանկություններ, այսինքն, այդ հանդիպումները իրենց ցանկությամբ են նախանշված»:

«Մենք օգտագործելու ենք հանդիպման հնարավորությունը, որպեսզի տեսնենք, թե ինչպես են նրանք գնահատել մայիսի 11-ին Ստրասբուրգում անցկացված վերջին հանդիպման ընթացքում Հայաստանի արտգործնախարարի ներկայացրած մոտեցումները նախկինում համանախագահների կողմից ներկայացված մտքերի, առաջարկությունների վերաբերյալ», - ասաց Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության մամլո խոսնակի պաշտոնակատարը: - «Վերջին հանդիպման ընթացքում նրանք իսկապես ներկայացրել էին որոշ մտքեր, որոնց պատասխանը ստրասբուրգյան հանդիպմանը բերել էր մեր արտգործնախարարը»:

Այն հարցին, թե արդյոք համանախագահների այցի ընթացքում քննարկվելո՞ւ է Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների` հունիսի 10-ին սպասվող հանդիպման հնարավորությունը, Վլադիմիր Կարապետյանը արձագանքեց. - «Մենք արդեն նշել ենք, որ նախագահների հանդիպումը մեծապես պայմանավորված է բանակցությունների բովանդակությամբ: Այսինքն, եթե համանախագահների այս այցի, ինչպես նաեւ հաջորդ այցի ընթացքում, որը նույնպես նախատեսվում է մինչեւ հունիսի 10-ը, բովանդակային այնպիսի առաջխաղացում լինի, որ մենք նպատակահարմար համարենք, որ նախագահների հանդիպում լինելու է, բնականաբար, մենք գնալու ենք այդ հանդիպմանը»:


Ռուբեն Մելոյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG