Մատչելիության հղումներ

Հակոբկոխյանը մտադիր չէ դադարեցնել հացադուլը


Հայտնի բռնցքամարտիկ, աշխարհի չեմպիոն Իսրայել Հակոբկոխյանը մտադիր չէ դադարեցնել Կենտրոնական ընտրական հանձնաժողովի շենքի մոտ արդեն երրորդ օրը շարունակվող հացադուլը:

«[Շարունակելու եմ] Մինչեւ հայ ազգին տեսնեմ համախմբված ու միաձուլված», - «Ազատություն» ռադիոկայանին ասաց Հակոբկոխյանը: - «Եթե չէ` ես ավելի եմ գերադասում տղամարդու պես մեռնելը, քան շան պես ապրելը»:

Հակոբկոխյանը ասաց, որ իրեն լավ է զգում, առողջական վիճակը լավն է եւ «է'լ ավելի է լավանում». - «Որովհետեւ տեսնում եմ ինձ հարգող մարդկանց, գալիս են ու ասում, որ մենք համախոհներ ենք: Ես դրանով է’լ ավելի եմ առողջանում ու հզորանում»:

Մայիսի 12-ի քվեարկության նախնական արդյունքներով, թիվ 11 ընտրատարածքում պարտված Հակոբկոխյանը պահանջում է չեղյալ հայտարարել քվեարկության արդյունքները այդ ընտրատարածքում:

Իսրայել Հակոբկոխյանը ասաց նաեւ, որ սպասում է վարչապետ Սերժ Սարգսյանին. - «Իր մասին սուտ լուրեր են տարածել. թաղապետն է ասել, միլպետներն են ասել, որ` Սերժ Սարգսյանն է մեզ ստիպել: Ուղղակի որ Սերժ Սարգսյանը իրեն խայտառակությունից փրկի, ինքը պետք է մի հատ հանդիպի ու ինձ ապացուցի, որ իրանք իրանց գլխի են էդ բաներն արել»:


Իրինա Հովհաննիսյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG