Մատչելիության հղումներ

Էրդողան. «Սարկոզիի դիրքորոշումը հակաեվրոպական տրամադրություններ կառաջացնի Թուրքիայում»


Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Էրդողանը Ֆրանսիայի նորընտիր նախագահ Նիկոլա Սարկոզիին զգուշացրել է, թե Եվրամիությանը Թուրքիայի անդամակցության հարցում նրա դիրքորոշումը կարող է հակաեվրոպական տրամադրություններ առաջացնել իր երկրում ու խաթարել երկկողմ հարաբերությունները:

«Եթե մենք ասում ենք, որ Եվրամիությունը քրիստոնյաների ակումբ չէ, ապա պարոն Սարկոզին պետք է վերանայի իր պատկերացումները, կարծիքները», - հայտարարել է Էրդողանը:

Այսօր Ֆրանսիայի նախագահի լիազորությունները պաշտոնապես ստանձնող Նիկոլ Սարկոզին դեմ է Թուրքիայի լիիրավ անդամակցությանը Եվրամիությանը: Նա առաջարկում է, որպեսզի Թուրքիային Եվրամիության հետ համագործակցելու լայն հնարավորություններ տրվեն, առավելություններ պարունակող համագործակցության հատուկ պայմանագիր ստորագրվի:

Նախկին ելույթներում դեմ արտահայտվելով Եվրամիությանը Թուրքիայի լիիրավ անդամակցությանը` Սարկոզին հայտարարել էր, որ Թուրքիայի տարածքի մեծ մասը գտնվում է Ասիայում, եւ այդ երկրի անդամակցության գաղափարը Եվրոպայի սահմաները շատ հեռու կձգի:

Երեքշաբթի օրը Ստամբուլում անցկացված մամուլի միջազգային ինստիտուտի տարեկան համաժողովում Էրդողանը զգուշացրել է, թե Թուրքիայի անդամակցության հարցում բացասական դիրքորոշումները բացասական դիրքորոշումներ կառաջացնեն Ֆրանսիայի դեմ ու կփոխեն այդ երկրի նկատմամբ թուրք ժողովրդի վերաբերմունքը:

«Մենք ջերմ կապեր ունենք ֆրանսիացի ժողովրդի հետ: Հուսով եմ, պարոն Սարկոզիի հետ մեր հարաբերությունները ժամանակի ընթացքում կշարժվեն դրական ուղղությամբ», - ասել է Թուրքիայի վարչապետը:

Ռեջեփ Էրդողանը վստահեցրել է նաեւ, թե առաջնային հարցերից է համարում «թուրքական ինքնությունը վիրավորելու» համար քրեական պատիժ սահմանող 301-րդ հոդվածի «լայն բարեփոխումը», սակայն կոնկրետ չի ասել, թե կառավարությունը դա երբ կանի. - «Մենք դեմ չենք 301-րդ հոդվածի փոփոխությանը, եթե ընդունելի առաջարկներ ստանանք, կարող ենք դրանց վրա աշխատել»:

Հիշյալ հոդվածով տասնյակ թուրք մտավորականներ են մեղադրվել, այդ թվում եւ Նոբելյան մրցանակակիր Օրհան Փամուկը: 301-րդ հոդվածով էր մեղադրվում նաեւ Ստամբուլի «Ակոս» թերթի խմբագրապետ Հրանտ Դինքը, ով այս տարվա հունվարին սպանվեց իր թերթի խմբագրատան դիմաց:

Մամուլի միջազգային ինստիտուտի ընդունած բանաձեւում Թուրքիային կոչ է արվում վերանայել Քրեական օրենսգրքի 301-րդ եւ մյուս բոլոր այն հոդվածները, որոնք սահմանափակում են լրագրողների հաղորդումների, կարծիքներ արտահայտելու ազատությունները:


Հրաչ Մելքումյան, Պրահա

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG