Մատչելիության հղումներ

Բուրջանաձե. - «Այս խորհրդարանական ընտրությունները պատմական էին Հայաստանի համար»


«Մայիսի 12-ի խորհրդարանական ընտրությունները պատմական էին Հայաստանի համար», - «Ազատություն» ռադիոկայանի Պրահայի կերտրոնակայանում այսօր ասաց Վրաստանի խորհրդարանի խոսնակ Նինո Բուրջանաձեն` համոզմունք հայտնելով, թե Վրաստանին կհաջողվի լավ հարաբերություններ հաստատել նորընտիր խորհրդարան անցած ուժերի հետ:

«Մեր հարաբերությունները Հայաստանի հետ գերազանց են: Նույնը կարող եմ ասել նաեւ Ադրբեջանի մասին, ինչի համար մենք շատ ուրախ ենք: Անշուշտ, ես լրջորեն հետեում էի հայաստանյան ընտրություններին, քանի որ մեզ համար շատ կարեւոր է, թե ինչ ուժեր են լինելու խորհրդարանում: Մյուս կողմից, դա ներքին խնդիր է, եւ Հայաստանի ժողովուրդն է, որ պետք է որոշի` ովքեր են լինելու խորհրդարանի պատգամավորները, կամ ով է դառնալու երկրի հաջորդ նախագահը: Ես համոզված եմ, որ մենք բավականին լավ հարաբերություններ կունենանք խորհրդարանի նորընտիր ուժերի հետ»:

«Մի քանիսի հետ արդեն ունեինք լավ կապեր, կարծում եմ` կշարունակենք այս համագործակցությունը», - հավելեց Բուրջանաձեն:

«Հայաստանի իշխանությունները իսկապես շատ բան արեցին` Վրաստանի հետ սերտ եւ դրական համագործակցություն զարգացնելու համար», - վստահեցրեց Նինո Բուրջանաձեն ու, որպես դրա ապացույց, նախ եւ առաջ իր գոհունակությունը հայտնեց Ջավախքի հարցում Հայաստանի իշխանությունների որդեգրած դիրքորոշման վերաբերյալ:

«Ռուսաստանը փորձում էր օգտագործել Ջավախքի հարցը: Հայտարարություններ էին հնչում, թե ռուսական ռազմակայանները հանելուց հետո տեղի հայ բնակչությունը կդառնա գործազուրկ, կընդվզի, կըմբոստանա... Սակայն ոչինչ էլ տեղի չունեցավ, որովհետեւ այս մարդիկ հասկացան, որ որոշ ուժեր փորձում են օգտագործել իրենց, օգտագործել իրենց սոցիալական խնդիրներն ու դրանց հիման վրա նոր պրոբլեմներ առաջացնել»:

«Ես շատ դրական եմ գնահատում Հայաստանի եւ Վրաստանի միջեւ ներկայիս համագործակցությունը եւ կարծում եմ, որ մենք շատ լավ հնարավորություններ ունենք նաեւ ապագայում դրանք զարգացնելու համար», - ասաց Վրաստանի խորհրդարանի ղեկավարն ու միաժամանակ ընդգծեց. - «Այդուամենայնիվ, մեր տարաժաշրջանը շատ ավելի ամուր եւ գրավիչ կլիներ, եթե համագործակցության եզրեր գտնեին եւ միասնական դիքորոշում որդեգրեին տարածաշրջանի բոլոր երեք երկրները»:

«Մի պահ փորձեք պատկերացնել` միասնական Հայաստան, Ադրբեջան եւ Վրաստան: Այդ դեպքում մեր տարածաշրջանը կլիներ բալթյանից ոչ պակաս հաջողակ եւ առավել գրավիչ` բոլորի համար: Մյուս կողմից` կնվազեին այն երկրների հնարավորությունները, որոնք այսօր փորձում են որոշակի ազդեցություն ունենալ մեզ վրա: Ցավոք, իհարկե, իրականությունը մի փոքր այլ է: Սակայն, կարծում եմ, մենք բոլորս պետք է օրինակ վերցնենք Բալթյան երկրներից, եւ, մի կողմ դնելով տարաձայնությունները, փորձենք մի փոքր ավելի միասնական լինել, համակարգել մեր քայլերն ու շարժվել մեկ ուղղությամբ»:


Հեղինե Բունիաթյան, Պրահա

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG