Մատչելիության հղումներ

Նիկոլ Փաշինյանը առաջարկում է ստուգել տպագրված 400 հազար անձնագրերի մասին իր պնդումը


«Իմպիչմենտ» դաշինքի ներկայացուցիչ Նիկոլ Փաշինյանը առաջարկում է ստեղծել հատուկ հանձնախումբ, որը կստուգի ընտրակեղծիքներ կատարելու նպատակով Հայաստանում 400 հազար անձնագրերի տպագրման մասին իր պնդումը:

«Շատ հեշտ է դա ստուգելը: Վերցնում ենք ընտրողների ցուցակները, որոնցում ստորագրել են քվեարկությանը մասնակցածները, եւ գնում ենք հասցեներով, տեսնենք` այդ մարդիկ կա՞ն, ֆիզիկապես գոյություն ունե՞ն, թե՞ ոչ», - պարզաբանեց Փաշինյանը «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում: - «Եթե արդյունքներ կլինեն, որից կլինի եզրակացություն, որ հետաքննությունը պետք է շարունակել` շարունակենք հետաքննությունը, եթե կլինի այնպես, որ պետք չէ շարունակել` չշարունակենք հետաքննությունը»:

Նախընտրական շրջանում 400 հազար անձնագրերի տպագրման մասին Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր կիրակի օրը Ազատության հրապարակում «Իմպիչմենտ» դաշինքի հրավիրած հանրահավաքում:

Ոստիկանությունը այսօր հաղորդագրություն է տարածել, որում հերքում է այդ պնդումը:

«Այս հայտարարությունը Նիկոլի հիվանդ երեւակայության արգասիքն է եւ բուժման խնդիրն էլ իրենն է։ Իսկ մեր քաղաքացիներին ավելորդ չենք համարում մեկ անգամ եւս տեղեկացնել, որ 2006 թվականի մայիսի 10-ից մինչեւ 2007 թվականի մայիսի 10-ը Հայաստանի Հանրապետությունում տպագրվել է 194 623 անձնագիր, որից 31 795-ը հանձնվել է 1 օրականից մինչեւ 16 տարեկան անձանց, 49 717-ը՝ 16-18 տարեկաններին, 113 111-ը՝ 18-ից բարձր քաղաքացիներին», - ասված է ոստիկանության հաղորդագրությունում:

Այնուհանդերձ, Փաշինյանը այսօր «Ազատություն» ռադիոկայանին ներկայացրեց այն մեխանիզմը, որով, իր պնդմամբ, ընտրակեղծիքներ են իրականացվել նոր տպագրված անձնագրերի միջոցով: Ըստ այդմ` մեծ քանակությամբ նոր անձնագրեր են տպագրվել մահացած կամ Հայաստանից բացակայող անձանց անուններով, սակայն դրանցում փակցվել են այն մարդկանց լուսանկարները, ովքեր պատրաստ են եղել ընտրությունների օրը շրջել տարբեր ընտրատեղամասերով եւ մի քանի անձնագրերով քվեարկել տարբեր մարդկանց փոխարեն:

Նիկոլ Փաշինյանը վստահ է, որ ընտրությունների օրը այդպիսի մի քանի խմբեր կային, սակայն, նրա խոսքերով, դա տեղում հայտնաբերելը բավական դժվար էր, քանի որ անձնագրերում փակցված է ոչ թե մահացածի կամ Հայաստանից բացակայողի, այլ հենց քվեարկողի լուսանկարը:

«Իմպիչմենտ» դաշինքի ներկայացուցիչը համոզմունք հայտնեց, որ եթե այս խնդիրը չլուծվի, ապա նույն անձնագրերը նույն հաջողությամբ կօգտագործվեն նաեւ 2008 թվականի նախագահական ընտրությունների ժամանակ. - «Այդ անձնագրերը հիմա կան, եւ այդ անձնագրերի տեղը մի քանի մարդ գիտի, մասնավորապես` Սերժ Սարգսյանը, որովհետեւ այդ անձնագրերը օգտագործվելու են նաեւ նախագահական ընտրությունների ժամանակ եւ ապահովելու են իր թվացյալ հաղթանակը»:


Ռուզաննա Ստեփանյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG