Մատչելիության հղումներ

Մամուլի տեսություն


«Վերջ կոմպլեմենտարիզմին» վերնագրի տակ «Ազգ» թերթի խմբագրականը արձանագրել է. - «Անկասկած է, որ վերջին ընտրությունների արդյունքում թե’ Ազգային ժողովի խոսնակի, թե’ վարչապետի եւ թե’, ամենայն հավանականությամբ, հանրապետության նախագահի պաշտոնում հետագայում կլինեն միեւնույն՝ Հանրապետական կուսակցության ներկայացուցիչները եւ առաջիկա 5 տարիներին Հայաստանը կվարի մոսկվահաճ արտաքին քաղաքականություն, գրեթե առանց ներքին հակակշիռների, ինչը հղի է մի շարք վտանգներով, որոնցից նվազագույնը ժողովրդավարության նահանջը չէ անկասկած։ Ղարաբաղյան կնճռի առավել կնճռոտվելը, Վրաստանի հետ փշոտ հարաբերությունների առավել փշոտվելը՝ նույնպես: Այս կացության մեջ, հաղթող կուսակցության՝ Հանրապետականի պատասխանատվությունը կրկնապատիկ է դառնալու։ Մի կողմից՝ երկրի անվտանգության, մյուս կողմից՝ Ղարաբաղյան ճակատում տանուլ չտալու, ինչպես նաեւ լրիվ չմեկուսանալու հրամայականներն իսկապես ծանր են կշռելու։ Հանրապետական կուսակցությունն իր մեջ կգտնի՞ ներուժ՝ սեփական հաղթանակի պատանդը չդառնալու։ Խիստ դժվար է ասել»։

Կայացած ընտրություններին անդրադառնալով` «Առավոտ»-ի խմբագրականը հետահայաց գնահատել է. - «Ամեն ինչի մեջ, նույնիսկ հայաստանյան ընտրություններում, պետք է տեսնել լավ կողմեր: Օրինակ, որ ընտրությունները հերթական անգամ կեղծվեցին, դա իհարկե, վատ է, բայց որ դրանք կեղծվեցին առանց կոպիտ եւ բացահայտ բռնությունների [առայժմ], դա, անշուշտ լավ է: Իսկ ընդհանրապես` իշխանության վերարտադրման խնդիրն ավելի բարդ է, քան թվում է առաջին հայացքից. առանց ապահովված, գիտակից քաղաքացիների մեծամասնության իշխանությունը միշտ էլ ձեւեր կգտնի վերարտադրվելու: Նույնիսկ եթե օրը մեկ հեղափոխություն լինի»: Ապա թերթի գխավոր խմբագրը շեշտում է հետեւյալ, իր համոզմամբ, դրական հանգամանքը. - «Խորհրդարանում չի լինի Ժողովրդական կուսակցությունը: Դա նշանակում է, որ ծայրահեղ լյումպենացված զանգվածը Հայաստանում 60 հազարի չի հասնում: ԺԿ-ի խորհրդարան չմտնելը նաեւ ապացուցում է, որ մարդկային դավաճանությունը միշտ չէ, որ վարձատրվում է: Նկատի ունեմ այդ կուսակցության ցուցակում հայտնված նախկին ՕԵԿ-ականներին»:

«Հայոց Աշխարհ»-ը «Լավ, ո՞վ է այդպես հեղափոխություն անում» խորագրի ներքո գրում է. - «Մեզանում երեկ սկսված հեղափոխությունը դատապարտված է ձախողման: Եվ սույնի գլխավոր պատճառն, անշուշտ, բնավ այն չէ, որ ժողովուրդը չսատարեց իր ազատարարներին, հանցավոր վարչախումբը չդրսեւորեց չտեսնված դաժանություն կամ մերթընդմերթ անձրեւ էր գալիս: Հեղափոխությունը ձախողվեց, քանզի դրա կազմակերպիչները գործում էին ողբերգության ռեժիմով, պահում իրենց Գրիմմ եղբայրների հեքիաթներից մեկի հերոսների պես (ի դեպ, հենց այդ հեքիաթի սյուժեն է օգտագործել Հովհաննես Թումանյանը, երբ գրել է իր «Կիկոսի մահը»)»:

«Հայաստանի Հանրապետություն» թերթի մեկնաբանը, անդրադառնալով արմատական ընդդիմության հետընտրական հանրահավաքին, շեշտադրել է. -«Երեկվա հանրահավաքը թեեւ համեմատաբար բազմամարդ էր, բայց անցավ դանդաղ ու «մելամաղձոտ»։ Վերջին հանրահավաքի ոգին լքել էր թե՛ խոսողներին, թե՛ լսողներին»։ «Քվեարկության հաջորդ օրը հանրահավաք նախատեսելով՝ արմատական այս եռյակը հույս ուներ, որ իրենց կմիանան բոլոր նրանք, ովքեր չեն կարող հատել 5 տոկոսի շեմը, եւ իրենց հանրահավաքները չափազանց բազմամարդ կդառնան»։ «Սակայն, թեեւ քիչ չեն խորհրդարան չանցած ընդդիմադիրները, նրանց միացավ միայն ՀԺԿ-ն», - արձանագրել է մեկնաբանն ու հավելել. - «Մյուս կողմից, արմատական ընդդիմության եռանդի վրա սառը ջուր էր լցրել եվրոպական դիտորդների դրական գնահատականը։ Արեւմուտքն այս անգամ էլ ոչ մի դրական ուղերձ չտվեց ընդդիմությանը՝ հեղափոխական գործընթացներ սկսելու համար։ Պատահական չէ, որ նախատեսված երթը դեպի ԿԸՀ չկայացավ հենց լիդերների որոշմամբ»։

«Այդ 50 հազարն ինձ չի ասել` հեղափոխություն արա», - այսպես է պատասխանել «Ազգային միաբանության» առաջնորդ Արտաշես Գեղամյանը «Առավոտ»-ի հարցին` կմիանա՞ արդյոք ընդդիմության շարժմանը: «Ես «հակաճգնաժամային ծրագրով մտա պայքարի մեջ, այդ ծրագիրը բավարար քվե չստացավ, կնշանակի` գերադասել են ուրիշ մոտեցումներ, եւ դրանից ողբերգություն սարքել պետք չէ», - ասել է Գեղամյանն ու հիմնավորել. - «Այդ 50 հազար մարդը, որ ինձ ձայն են տվել, ձայն են տվել, որ ես այդ ծրագիրը կյանքի կոչեմ: Նրանք չեն ասել` հեղափոխություն արա»:

«Առավոտ»-ի տեղեկություններով, երեկ Հայաստանի ոստիկանության քրեական հետախուզության բաժին հարցաքննության է կանչվել «Պանդոկ» ռեստորանի 30-ամյա տնօրեն Լեւոն Ղուլյանը, ով հայտնի է «Պանդոկի Լյովիկ» մականունով: Նրան հարցաքննել են մայիսի 9-ին նույն ռեստորանի մոտ Ստեփան Վարդանյանի սպանության գործով: Ըստ ոստիկանության` «Առավոտ»-ին տված տեղեկության, հարցաքննության ընթացքում Ղուլյանը քննիչից ջուր է խնդրել եւ օգտվելով նրա բացակայությունից` փորձել է փախուստի դիմել, ինչի հետեւանքով երկրորդ հարկի պատուհանից վայր է ընկել եւ մահացել: «Չնայած` երեկվա շրջանառվող լուրերի համաձայն, Ղուլյանն ինքնասպան է եղել», - գրում է թերթը:


Ատոմ Մարգարյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG