Մատչելիության հղումներ

Արամ Կարապետյանի պնդմամբ, իր կուսակցությունը իրականում ձայների 8,3 տոկոսն է ստացել


«Նոր ժամանակներ»-ի ստացած 40 հազարից ավելի ձայները կուսակցության նախագահ Արամ Կարապետյանը բավական լավ արդյունք է համարում, սակայն վստահ է, որ դա իրական պատկերը չէ: «Մեր տոկոսը մենք հստակ գիտենք, 8,3 տոկոս` ամբողջ հանրապետությունում: Պարզապես մեր քվեաթերթիկները ուրիշների օգտին են հաշվել», - «Ազատություն» ռադիոկայանին ասաց նա:

Իր պնդումը Կարապետյանը հիմնավորեց նրանով, որ այն տեղամասերում, որտեղ «Նոր ժամանակներ»-ի վստահված անձինք եղել են, քվեարկության արդյունքները մեծապես տարբերվել են այն տեղամասերի արդյունքներից, որտեղ նրանք չեն եղել. - «Օրինակ, այն տեղամասում, որտեղ վստահված անձ ունեցել ենք, ստացել ենք 10 տոկոս ձայն, իսկ կողքի տեղամասում, որտեղ մարդ չենք ունեցել` ստացել ենք «մինուս 1» ձայն: Այդպես չի կարող լինել. դա ծիծաղելի է»:

Թեեւ Արամ Կարապետյանը դժգոհ չէ, որ իր կուսակցությունը, առաջին անգամ մասնակցելով խորհրդարանական ընտրություններին, «ռեալ ընդդիմության շարքում առաջին հորիզոնականում է հայտնվել, նույնիսկ առաջ է անցել Հայաստանի ժողովրդական կուսակցությունից եւ հնարավոր է «Ազգային միաբանության»-ն էլ գերազանցի», սակայն ընտրությունները որակում է«լուրջ կեղծիքներով հագեցած»:

ԱՊՀ-ի դիտորդների հայտարարությունը, ըստ որի` ազատ եւ արդար ընտրություններ են անցկացվել, Կարապետյանը այսպես մեկնաբանեց. - «Ոչ մի նոր բան չկա, ոչ մի երկիր չի եղել`բացի Վրաստանից, որ այդ դիտորդները ասեն, թե թափանցիկ չի եղել: Ոչ թե չեն տեսնում կեղծիքները, այլ չեն ուզում տեսնել, որովհետեւ աշխարհաքաղաքական խնդիր կա,Ղարաբաղի խնդիր կա: Ինձ թվում է` ԵԱՀԿ-ի դիտորդների եզրակացությունն էլ շատ չի տարբերվելու»:

«Նոր Ժամանակներ»-ի արձանագրած վարկանիշը կուսակցության նախագահին թույլ է տալիս հայտարարել, որ ինքը նախագահական ընտրություններին էլ է մասնակցելու, որոնք, նրա կարծիքով, արտահերթ են լինելու:


Իրինա Հովհաննիսյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG