Մատչելիության հղումներ

Արտակ Զեյնալյանը դիմում - բողոք է ներկայացրել ոստիկանության աշխատակիցների քվեարկության հարցով


«Հանրապետություն» կուսակցության խորհրդի անդամ Արտակ Զեյնալյանը դիմում - բողոք է ներկայացրել Կենտրոնական ընտրական հանձնաժողով, որում ուշադրություն է հրավիրում ոստիկանության աշխատակիցների քվեարկության հետ կապված խնդրի վրա:

«Ոստիկանության աշխատակիցների ցուցակը չի ուղարկվել համապատասխան լիազոր մարմնին կամ դրա ղեկավարին, որպեսզի նրանք ընդգրկվեն այն տեղամասերի ընտրական ցուցակներում, որտեղ գործուղված են, եւ մեզ հայտնի չէ` արդյոք նրանք քվեարկելո՞ւ են այն տեղամասերում, որտեղ ծառայություն են իրականացնում», - «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում պարզաբանեց Զեյնալյանը: - «Այսինքն, այստեղ հնարավոր է, որ մի քանի հազար մարդ զրկվի ընտրական իրավունքից, ինչը ընտրական խախտում է, կամ էլ հնարավոր է, որ այս մարդիկ քվեարկեն երկու տեղամասերում: Ուստի այդ կապակցությամբ դիմում - բողոք եմ ներկայացրել Կենտրոնական ընտրական հանձնաժողով»:

«Մեր ունեցած տեղեկատվությամբ, դա վերաբերում է բոլոր ընտրատեղամասերին», - շեշտեց Արտակ Զեյնալյանը` հավելելով. - «Եթե Կենտրոնական ընտրական հանձնաժողովը գտնի, որ բոլոր տեղամասերում չէ այդպես, կարող է ասել, որ այդ տեղեկատվությունը տարածվում է, ասենք, տեղամասերի 90 տոկոսի վրա, կամ, ասենք, 60 տոկոսի վրա»:

Հայաստանի ոստիկանության պետ Հայկ Հարությունյանը վերջերս նախագահ Ռոբերտ Քոչարյանին զեկուցել էր, որ ընտրությունների օրը երկրի ամբողջ տարածքում հասարակական կարգի պահպանմանը հետեւելու է շուրջ 8 հազար ոստիկան:


Կարինե Քալանթարյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG