Մատչելիության հղումներ

«Նոր ժամանակներ»-ը ահազանգում է «համատարած» ընտրակաշառքների մասին


«Մեր ունեցած տվյալներով, «Բարգավաճ Հայաստան»-ը որոշ դեպքերում 25 հազար դրամ է բաժանում: Իսկ Հանրապետականը` համատարած տարբեր տեղերում` 15 հազար դրամ», - «Ազատություն» ռադիոկայանին ասաց «Նոր ժամանակներ» կուսակցություն նախագահ Արամ Կարապետյանը:

«Բոլոր տաքսի ծառայությունները եւ «Գազել»-ները լծված են հիմա Երեւանում եւ հանրապետությունով մեկ մարդկանց տեղափոխելուն, որպեսզի իրենց օգտին քվեարկեն, 90 տոկոսով` ՀՀԿ-ին օգտին», - հավելեց ընդդիմադիր կուսակցության առաջնորդը:

«Նոր ժամանակներ» կուսակցության տարածած հաղորդագրության համաձայն նման մեքենաներից մեկը` թիվ 49 երթուղային տաքսին, այսօր առավոտյան բախվել է կուսակցության նախագահի ծառայողական ավտոմեքենային, ինչի հետեւանքով ծանր մարմնական վնասվածքներ են ստացել ՆԺԿ նախագահի վարորդ Պարսամ Այվազյանը եւ ընտրական շտաբի անդամ Աշոտ Այվազյանը եւ տեղափոխվել հիվանդանոց:

Կուսակցության տարածած հաղորդագրությունում Ընտրական օրենսգրքի «կոպիտ խախտման» մեջ է մեղադրվում Հայաստանի Ազգային անվտանգության ծառայության տնօրեն Գորիկ Հակոբյանը, ով այսօր «ընտրություն կատարելուց հետո Հ1-ին հարցազրույց տալիս բառացիորեն հայտարարել է, որ իշխանությունները թույլ չեն տա, որ փոքրամասնությունը իր ցանկությունը փաթաթի մեծամասնության վզին»:

«Փաստորեն ԱԱԾ ղեկավարն ուղղակի ահաբեկել է ՀՀ քաղաքացիներին՝ կոպտորեն խախտելով ՀՀ Ընտրական Օրենսգիրքը», - որակել է «Նոր ժամանակներ» կուսակցությունը:


Ռուզաննա Ստեփանյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG