Մատչելիության հղումներ

Ռոբերտ Քոչարյան. «Քվեարկել եմ Հայաստանի ապագայի օգտին»


Նախագահ Ռոբերտ Քոչարյանը քվեարկել է «Հայաստանի ապագայի օգտին, բարեփոխումների շարունակման օգտին` ե'ւ տնտեսության մեջ, ե'ւ սոցիալական ոլորտում»:

«Հուսով եմ եւ վստահ, որ ամեն ինչ նորմալ կլինի», - քվեարկելուց հետո հայտարարեց նախագահը:

Ռոբերտ Քոչարյանը հրաժարվեց հայտնել, թե որ կուսակցության օգտին է քվեարկել. - «Դուք գիտեք, որ ես չեմ կարող այսօր ասել, թե ում օգտին եմ քվեարկել»:

Այն հարցին, թե ընդդիմադիր ո՞ր ուժերին կցանկանար տեսնել խորհրդարանում, նախագահը պատասխանեց. - «Այսօր չեմ կարող կոնկրետ անուններ տալ կամ կուսակցություններ թվարկել` խուսափելու համար շահարկումներից, բայց մի բան, իհարկե, ցանկանում եմ` որ մեր խորհրդարանում Հայաստանի ընդդիմադիր ուժեր լինեն, այլ ոչ թե արտասահմանյան ներկայացուցչություններ` տարբեր խմբակցությունների ձեւով»:

Ռոբերտ Քոչարյանը չցանկացավ կանխագուշակել, թե արդյոք ընտրությունների արդյունքում Հայաստանի խորհրդարանի դեմքը էական փոփոխության կենթարկվի՞. - «Հատկապես` որ մնացել է մի քանի ժամ, մի քիչ համբերենք»:

Ռուսաստանյան hեռուստաընկերություններից մեկի այն հարցին, թե արդյոք հնարավո՞ր են այնպիսի գործողություններ, որոնք երկիրը կտանեն ապակայունացման, նախագահը պատասխանեց. - «Մինչեւ այժմ թե' նախընտրական ամբողջ գործընթացը եւ թե', գոնե այս ժամի դրությամբ, բուն ընտրությունները ընթանում են բավական հանգիստ, եւ ձեր հարցի համատեքստում ինչ-որ հատուկ սպասելիքներ չունենք: Ուղղակի մեզ մոտ կան արմատական ընդդիմության որոշակի ներկայացուցիչներ, որոնց համար տարօրինակ սովորություն է դարձել նույն սխալները կրկնելը` նախանձելի համառությամբ: Իսկ տարօրինակ սովորությունները մեկնաբանելը առհասարակ բարդ է: Այդ պատճառով ես ձեռնպահ կմնամ»:

Նախագահը չի կարծում, թե այս ընտրությունների արդյունքները կանխորոշում են նախագահական ընտրությունները: Նշելով, որ «ձայների ամենամեծ քանակը ստացող կուսակցությունը, ամենայն հավանականությամբ, կունենա ավելի շահեկան մեկնարկային դիրքեր», Ռոբերտ Քոչարյանը, միաժամանակ, ընդգծեց. - «Իրավիճակը պետք է գնահատել Սահմանադրության կտրվածքով` սահմանադրական բարեփոխումներից հետո որքանո՞վ խորհրդարանում լուրջ հենարան չունեցող նախագահը իրական ֆիգուր, պետության իրական գլուխ է: Այդ համատեքստում, անշուշտ, արժե գնահատել իրավիճակը եւ նայել` ինչպիսի՞ն կլինի ապագա նախագահը խորհրդարանական աջակցության համատեքստում: Կլինի խորհրդարանական մեծամասնության ծանրակշիռ աջակցություն` կունենանք ուժեղ նախագահ, չի լինի այդ աջակցությունը` կլինի ինչ-որ չափով ձեւական ֆիգուր»:


Ռուզաննա Ստեփանյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG