Մատչելիության հղումներ

Վարդան Օսկանյան. «Խախտումները մեծ հարված կլինեն Հայաստանի հեղինակությանը»


Հայաստանի արտգործնախարար Վարդան Օսկանյանի կարծիքով` առաջիկա ընտրություններում հնարավոր խախտումները «մեծ հարված կլինեն Հայաստանի հեղինակությանը, հայ ժողովրդի հեղինակությանը, քաղաքական ուժերի հեղինակությանը»:

«Հավատը ավելի խորքային առումով կարող է կորսվել Հայաստանի նկատմամբ` այս անգամ արձագանքը արդեն միայն բարոյական չի լինելու», - «Ազատություն» ռադիոկայանի հետ հարցազրույցում այսօր ասաց Վարդան Օսկանյանը:

«Ընտրությանը նախորդող շրջանը դրականորեն է տարբերվել նախորդ ընտրություններից: Բոլորը միանշանակ շեշտում են, որ իսկապես ափսոս կլինի, եթե այդ դրական շրջանից հետո մենք գնանք այնպիսի խախտումների, որոնք կջնջեն այս բոլորը եւ ընդհանրապես բացասական հետեւանքներ կունենան մեր հեղինակության համար», - ասաց արտգործնախարարը: - «Երեւի չափազանցություն չի լինի ասել, որ եվրոպական երկրների ուշադրությունը սեեւռված է մեր ընտրությունների վրա: Բոլորը ակնկալում են, որ մենք կանցկացնենք ազատ եւ արդար ընտրություններ, որոնք անհամեմատ ավելի լավը կլինեն նախորդ ընտրություններից»:

«Ես գիտեմ, թե ինչպիսին են ակնկալիքները Եվրոպայում: Մեր հետագա հեռանկարն է կախված այս ընտրություններից», - ասաց Օսկանյանը:

Վարդան Օսկանյանը, որն այսօր Ստրասբուրգում հանդիպել է ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի համանախագահներին, հայտնեց, որ համանախագահները ցանկանում են հայաստանյան ընտրություններից հետո աշխուժացնել իրենց աշխատանքը. - «Նրանք ուզում են գալ տարածաշրջան մինչեւ ԵԱՀԿ-ում նախագահող Իսպանիայի արտգործնախարարի այցելությունը, միգուցե նաեւ` դրանից հետո»:

«Այս բոլորը միտված է լինելու նախագահների հնարավոր հանդիպումը նախապատրաստելուն: Նախագահների հանդիպումը կախված է լինելու նրանից, թե բովանդակային առումով ինչպիսի առաջընթաց ենք կարողանալու արձանագրել», - ասաց նա:

Հայաստանի արտգործնախարարը հայտնեց, որ համանախագահները նախկինում որոշ ձեւակերպումներ էին ներկայացրել չհամաձայնեցված հարցերի շուրջ. - «Այս հանդիպման ընթացքում ես ներկայացրել եմ մեր մոտեցումները այդ ձեւակերպումների նկատմամբ: Երեկ նրանք լսել են նաեւ ադրբեջանական կողմի մոտեցումները եւ երեւի այդ բոլորը կարտացոլեն փաստաթղթի մեջ, որը կներկայացնեն կողմերին տարածաշրջան կատարելիք այցի ժամանակ»:

Հայաստանի արտգործնախարարը Ստրասբուրգում մասնակցում էր Եվրախորհրդի արտգործնախարարների կոմիտեի հերթական նիստին:


Հրայր Թամրազյան, Պրահա

Ուղիղ հեռարձակում

Recommended

XS
SM
MD
LG