Մատչելիության հղումներ

«Հազարամյակի մարտահրավերներ» ծրագրի շարունակականությունը կախված է առաջիկա ընտրությունների բնույթից


«Եթե առաջիկա խորհրդարանական ընտրությունները չհամապատասխանեն ժողովրդավարության չափանիշներին, «Հազարամյակի մարտահրավերներ» կորպորացիան կդադարեցնի Հայաստանին տրամադրվող ֆինանսական աջակցությունը», - «Ազատություն» ռադիոկայանի հետ բացառիկ հարցազրույցում ասաց Անցումային ժողովրդավարություն ծրագրի նախագահ, Միացյալ Նահանգներ - ՆԱՏՕ հանձնաժողովի ղեկավար Բրյուս Ջեքսոնը:

«Հազարամյակի մարտահրավերներ» հիմնադրամը առաջիկա հինգ տարիներին պատրաստվում է ավելի քան 230 միլիոն դոլար անհատույց օգնություն տրամադրել` Հայաստանի գյուղերում աղքատությունը կրճատելու, ճանապարհներն ու ենթակառուցվածքները զարգացնելու համար:

«Ծրագրի շարունակականությունը պայմանավորված է ժողովրդավարության ուղղությամբ կատարված բարեփոխումներով: Դրանք գնահատելու համար հստակ չափանիշներ են ամրագրված` արդարացի կառավարում, տնտեսական ազատությունների խթանում, կոռուպցիայի դեմ պայքար: Այս առումով խիստ կարեւոր են նաեւ արդար եւ ազատ ընտրությունները, եւ եթե դրանք վատ անցնեն, Միացյալ Նահանգների Կոնգրեսը կարող է դադարեցնել ծրագրի ֆինանսավորումը», - նշեց ամերիկացի բարձրաստիճան դիվանագետը, ով վերջին տարիներին սերտորեն աշխատել է անցումային փուլում գտնվող երկրների հետ եւ քաջածանոթ է Հարավային Կովկասի տարածաշրջանի խնդիրներին:

«Այդուամենայնիվ, հույս ունեմ, որ Հայաստանի իշխանություններին կհաջողվի ժողովրդավարության չափանիշներին համապատասխան ընտրություններ անցկացնել», - ասաց Բրյուս Ջեքսոնը` ընդգծելով. - «Երբ նայում ես Հայաստանին, ակնհայտ է դառնում, որ ժողովուրդը ամենից շատ տառապում է աղքատությունից, եւ այս գումարները խիստ օգտակար կարող են լինել նրանց համար»:


Հրայր Թամրազյան, Պրահա

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG