Մատչելիության հղումներ

«Ժառանգություն»-ը դատապարտում է երեկվա «բռնությունը ցուցարարների նկատմամբ»


Երեկ երեկոյան Ազգային անվտանգության ծառայության շենքի մոտ «Հանրապետություն» եւ «Նոր ժամանակներ» կուսակցությունների ու «Իմպիչմենտ» դաշինքի կողմնակիցների նկատմամբ գործադրված բռնությունները այսօր դատապարտեց նաեւ «Ժառանգություն» կուսակցության ներկայացուցիչը` դա որակելով «ուղղակի սադրանք` ընտրությունների շեմին»:

«Կոչ ենք անում բոլորին եւ, առաջին հերթին` Հայաստանի իշխանություններին, զանգվածային բռնաճնշումներ կիրառելու այլեւս փորձ չանել», - այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց «Ժառանգություն» կուսակցության վարչության անդամ Վարդան Խաչատրյանը: - «Ժողովրդի դեմ կամայական ոտնձգությունները, որոնք կլինեն օրինախախտմամբ կամ ուղղակի հրամայականով, մեր կողմից ընկալվելու են որպես բռնաճնշումներ, որոնք արժանի են հակադարձման»:

Կուսակցության ղեկավար, Հայաստանի նախկին արտգործնախարար Րաֆֆի Հովհաննիսյանը կրկին վստահություն հնչեցրեց, որ իրենք «անպայման հաղթելու են»:

«Ոչ մեկը` ո'չ գործող իշխանությունը, ո'չ հարգարժան ընդդիմությունը, ո'չ արտաքին ուժերը այս անգամ չեն խեղելու մեր ժողովրդի ընթացքը», - հայտարարեց Րաֆֆի Հովհաննիսյանը:


Հովհաննես Շողիկյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG