Մատչելիության հղումներ

Արթուր Բաղդասարյանը դատապարտում է «ցուցարարների նկատմամբ գործադրված բռնությունը»


«Օրինաց երկիր» կուսակցության նախագահ Արթուր Բաղդասարյանը հինգշաբթի օրը դատապարտեց երեկ երեկոյան Ազգային անվտանգության ծառայության շենքի մոտ «Հանրապետություն» եւ «Նոր ժամանակներ» կուսակցությունների ու «Իմպիչմենտ» դաշինքի կողմնակիցների նկատմամբ գործադրված բռնությունները:

«Օրինաց երկիր»-ի նախագահը հատկապես ցավալի համարեց այն, որ «ցուցարարներին ծեծելու համար գործի են դրվել Ղարաբաղից բերված ուժերը»:

«Ինձ համար առավել մտահոգիչ է, որ ես այսօր «Առավոտ» թերթում կարդացի, որ դրանք Ղարաբաղից բերված կարմիրբերետավորներ են: Եվ ես դա համարում եմ անընդունելի», - լրագրողների հետ հանդիպմանը ասաց Բաղդասարյանը: - «Դուք կարծում եք, ոստիկանները գոհ են այն վիճակից, որ այսօր կա Հայաստանում... Գոհ չեն: Ծեծ ու ջարդը, ահաբեկումները այլեւս դատապարտված են»:

Երեկ Մատենադարանի հարակից տարածքում «Հանրապետություն» եւ «Նոր ժամանակներ» կուսակցությունների ու «Իմպիչմենտ» դաշինքի հանրահավաքից հետո անցկացվել է, ըստ Հայաստանի ոստիկանության հաղորդագրության, «անօրինական երթ, որի մասնակիցները... խախտել են հասարակական կարգը, բացահայտ ցինիզմ ու անհարգալից վերաբերմունք դրսեւորել հասարակության հանդեպ, խոչընդոտել քաղաքացիների ազատ տեղաշարժման սահմանադրական իրավունքը եւ խաթարել նրանց անդորրը»:

«Նալբանդյանի փողոցում Նիկոլ Փաշինյանը, մի խումբ անձանց հետ, ճեղքել է ոստիկանների շղթան եւ գնացել դեպի Ազգային անվտանգության ծառայության շքամուտքը, ինչով խմբակային անկարգություններ եւ բախում է հրահրվել ոստիկանների հետ», - ասված է հաղորդագրությունում: - «Այդ ընթացքում երեք ոստիկան ստացել են տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ ու տեղափոխվել հիվանդանոց»:

Ոստականությունը նաեւ տեղեկացրել է, որ «ծեծկռտուք հրահրածներից՝ սանձարձակությամբ առավել աչքի ընկած երկու ցուցարարներ բերման են ենթարկվել ոստիկանության Երեւան քաղաքի վարչություն եւ ինքնությունը ճշտելուց ու համապատասխան արձանագրություն կազմելուց հետո՝ բաց են թողնվել»:

Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների դատախազությունում դեպքի կապակցությամբ նախապատրաստվում են նյութեր:

Այսօր առավոտյան, մինչդեռ, «Ազատություն» ռադիոկայանի երեւանյան գրասենյակ էր եկել աշխարհի նախկին չեմպիոն, բռնցքամարտիկ Իսրայել Հակոբկոխյանը` հայտնելու, որ թիվ 11 ընտրատարածքում (ք. Երեւան) «Օրինաց երկիր» կուսակցությունը «հավաքում է անձնագրերի տվյալներ»:

Թիվ 11 ընտրատարածքում մեծամասնական ընտրակարգով առաջադրված թեկնածուները երեքն են` Իսրայել Հակոբկոխյանը (անկուսակցական), Հեղինե Բիշարյանը («Օրինաց երկիր» կուսակցություն) եւ Գրիգորի Մարգարյանը (անկուսակցական):

«Օրինաց երկիր» կուսակցության կենտրոնական գրասենյակում այսօր հերքեցին նման գործողությունների հնարավորությունը:


Ռուզաննա Ստեփանյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG