Մատչելիության հղումներ

Բախում է տեղի ունեցել ոստիկանության եւ ցուցարարների միջեւ


Երեկ ուշ երեկոյան Ազգային անվտանգության ծառայության շենքի դիմաց բախում է տեղի ունեցել ոստիկանության եւ ցուցարարների միջեւ:

Մատենադարանին հարող հրապարակում «Իմպիչմենտ» դաշինքի, «Հանրապետություն» եւ «Նոր ժամանակներ» կուսակցությունների համատեղ հանրահավաքից հետո ցուցարարները խաղաղ երթով շարժվել են դեպի Ազգային անվտանգության ծառայության շենք, որտեղ նախատեսում էին մի քանի կոչեր անել, այդ թվում` նախկին արտգործնախարար Ալեքսանդր Արզումանյանին ազատ արձակելու պահանջով:

Սակայն, ըստ ականատեսների, ոստիկանությունը, այդ թվում նաեւ «կարմիր բերետավորները», փակել են Նալբանդյան փողոցի մի մասը, ինչի արդյունքում նեղվածք է առաջացել, սկսվել է հրմշտոց, ծեծկռտուք: Ականատեսների վկայությամբ, ոստիկանությունը նաեւ արցունքաբեր գազ է բաց թողել:

Դեպքից հետո երեկ ուշ երեկոյան «Ազատություն» ռադիոկայանի հետ հեռախոսազրույցում «Հանրապետություն» կուսակցության ղեկավար Արամ Սարգսյանը համոզմունք հայտնեց, որ եթե ոստիկանությունը չմիջամտեր, նման բախումներ չէին լինի:

«Նոր ժամանակներ» կուսակցության ղեկավար Արամ Կարապետյանը, իր հերթին, «Ազատություն» ռադիոկայանին հայտնեց, որ իրենք որոշել էին մի քանի անգամ գոռալ` «Ազատություն», եւ հեռանալ, բայց «կարմիր բերետավորները» փակել էին փողոցի մի մասը, ինչի պատճառով էլ բախումը սկսվել է:

Արամ Սարգսյանի վկայությամբ, ոստիկանները առեւանգել էին «Իմպիչմենտ» դաշինքի անդամ Դավիթ Մաթեւոսյանին, ինչից հետո ժողովուրդը պահանջել է նրան վերադարձնել` խոստանալով հակառակ դեպքում չհեռանալ Ազգային անվտանգության ծառայության շենքի մոտից. - «Դավիթին բերեցին` տեսանք, ժողովրդին վերցրեցինք, եկանք»:

Ըստ ականատեսների, Դավիթ Մաթեւոսյանին ու էլի մի քանի հոգու ծեծի են ենթարկել:

«Նոր ժամանակներ» կուսակցության ղեկավար Արամ Կարապետյանին նույնպես մի քանի հարված են հասցրել` նրա աջ ձեռքն ուռել էր:

Ծեծի հետեւանքով առավել լուրջ վնասվածքներ էր ստացել «Նոր ժամանակներ» կուսակցության անդամ Ռաֆիկ Խոստիկյանը: Նա ասաց, որ իրեն գցել են գետնին եւ սկսել են ոտքով հարվածել. - «Քաղաքի ոստիկանության վարչության պետը կարգադրեց` «Գնացեք եւ հրեք իրենց», նրանք եկան մեզ վրա, մահակներով սկսեցին հրել, սկսեցին ոտքերով խփել: Առաջինը խփեցին Պետրոս Մակեյանին` ոտքով հարվածեցին կրծքավանդակին, գազը գցեցին մեզ վրա, հետո հարվածեցին, ես ընկա, եւ պառկած տեղս ոտքով հարվածեցին դեմքիս»:

Ոստիկանների հետ բախումից հետո ցուցարարները երթով շարժվեցին դեպի Ազատության հրապարակ, ճանապարհին վանկարկելով` «Հաղթանակ», «Պայքար մինչեւ վերջ», «Իմպիչմենտ»:

Ազատության հրապարակում «Իմպիչմենտ» դաշինքի, «Հանրապետություն» եւ «Նոր ժամանակներ» կուսակցությունների ղեկավարները ողջունեցին ցուցարարներին` ասելով, թե տեղի ունեցածը ցույց տվեց, որ մարդիկ չեն վախենում:

«Հաղթանակը միանգամից չի լինում: Հաղթանակը քայլ առ քայլ է լինում, ու մենք այսօր մեր հաղթանակի մի շատ կարեւոր քայլը արեցինք», - հայտարարեց Նիկոլ Փաշինյանը «Իմպիչմենտ» դաշինքից:

Արամ Կարապետյանը ասաց. - «Մենք ամեն ինչ անում ենք շատ խաղաղ, բայց եթե մեզ վրա հրոսակների պես փորձում են հարձակվել, ուրեմն, պատասխան են ունենալու»:

Կեսգիշերին մոտ Ազատության հրապարակում ցուցարարները եւս մեկ անգամ վանկարկեցին` «Իմպիչմենտ», եւ ցրվեցին, խոստանալով վերադառնալ մայիսի 13-ին. այդ օրը արմատական ընդդիմությունը խոստանում է հուժկու հանրահավաք կազմակերպել:


Ռուզաննա Ստեփանյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG