Մատչելիության հղումներ

Հայաստանում եւ Ղարաբաղում նշվեց Հաղթանակի եւ խաղաղության տոնը


Հայրենական պատերազմում տարած հաղթանակի եւ խաղաղության տոնի կապակցությամբ Հայաստանի կառավարության անդամները` վարչապետ Սերժ Սարգսյանի գլխավորությամբ, երեկ վաղ առավոտյան այցելել են Եռաբլուր, ապա նաեւ` Հաղթանակի զբոսայգի: Նախագահ Ռոբերտ Քոչարյանը եւ Ազգային ժողովի նախագահ Տիգրան Թորոսյանը Ստեփանակերտում մասնակցել են տոնական զորահանդեսին:

Ավելի քան մեկ ժամ տեւողությամբ զորահանդեսը Ստեփանակերտում գլխավորել է Լեռնային Ղարաբաղի պաշտպանության փոխնախարար Մովսես Հակոբյանը: Մամուլում լուրեր են շրջանառվում, որ հենց Հակոբյանը կարող է նշանակվել Լեռնային Ղարաբաղի պաշտպանության նախարարի պաշտոնում` փոխարինելով Սեյրան Օհանյանին, ով վերջերս Հայաստանի Զինված ուժերի Գլխավոր շտաբի պետի պաշտոնը զբաղեցնելու առաջարկություն էր ստացել եւ տվել իր համաձայնությունը:

Լեռնային Ղարաբաղի նախագահ Արկադի Ղուկասյանը, դիմելով մայիսյան եռատոնին նվիրված զորահանդեսի մասնակիցներին, մասնավորապես, ասել է. - «Լեռնային Ղարաբաղի հանրապետությունը այսուհետ եւս հավատարիմ կմնա ազատության, անկախության եւ ժողովրդավարության իր հռչակած սկզբունքներին: Մենք ենք մեր ճակատագրի տերը, եւ մեզ է պատկանում վերջին խոսքի իրավունքը մեր ապագայի որոշման գործում»:

Իսկ Երեւանում չորեքշաբթի օրը բացվեց Շուշիի ազատագրման 15-ամյակին նվիրված հուշակոթող. բացման արարողությանը մասնակցում էր վարչապետ Սարգսյանը:

«Ես միշտ համոզված եմ եղել եւ այսօր էլ անկեղծորեն եմ ասում, որ մեր նորագույն հաղթանակները պայմանավորված են մեր պապերի հաղթանակներով», - ասաց Հայաստանի վարչապետը:

Սերժ Սարգսյանը հակված չէր պատասխանելու քաղաքական կամ նաընտրական թեմաներին առնչվող որեւէ հարցի:


Կարինե Քալանթարյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG