Մատչելիության հղումներ

Թուրքիայի արտգործնախարարությունը «հիասթափեցնող» է գնահատում թուրք դիտորդներին մուտքի արտոնագիր չտրամադրելը


Թուրքիան քննադատել է Հայաստանին` մայիսի 12-ի խորհրդարանական ընտրություններին հետեւելու համար ԵԱՀԿ դիտորդական առաքելության անդամ 8 թուրք դիտորդներին մուտքի վիզա չտրամադրելու համար: Հայաստանի արտգործնախարարությունը «փոքր-ինչ տարօրինակ է» է գնահատել Հայաստանի հետ դիվանագիտական հարաբերություններ հաստատելուց հրաժարվելու եւ սահմանը փակ պահելու պայմաններում դիտորդներ ուղարկելու նախաձեռնությունը:

«ԵԱՀԿ մանդատ ունեցող դիտորդներին մուտքի արտոնագիր չտրամադրելը ամենահիասթափեցնող զարգացումն էր հայկական կողմից», - ասված է Թուրքիայի արտգործնախարարության` այսօր տարածած հաղորդագրության մեջ:

«Թուրքիան շարունակում է փակ պահել Հայաստանի հետ սահմանը եւ հրաժարվում է հաստատել դիվանագիտական հարաբերություններ Հայաստանի հետ: Այս պայմաններում դիտորդներ ուղարկելու նախաձեռնությունը փոքր-ինչ տարօրինակ է», - այս կապակցությամբ այսօր ասել է Հայաստանի արտգործնախարարության խոսնակի պաշտոնակատար Վլադիմիր Կարապետյանը:

«Հայաստանը ափսոսում է, որ հաշվի առնելով հարաբերությունների բացակայությունը երկու երկրների միջեւ, Թուրքիան չցուցաբերեց պատշաճ զգայունություն իր քաղաքացիներին որպես դիտորդ Հայաստան ուղարկելու հարցում», - ասված է Կարապետյանի տարածած հայտարարությունում: - «Թուրքիան չի կարող ընտրել, թե ինչ կարգի քաղաքական հարաբերություններ է նա ուզում ունենալ Հայաստանի հետ եւ ինչը չի ուզում: Քաղաքական եւ դիվանագիտական հարաբերությունները ընտրովիության ենթակա չեն»:

«Մենք հասկանում ենք ԵԱՀԿ անդամ պետությունների մտահոգությունը Հայաստանի` ԵԱՀԿ պարտավորությունների կատարման վերաբերյալ, եւ հաստատում ենք մեր հավատարմությունը դրանց նկատմամբ: Բայց մենք նաեւ սպասում ենք, որ ԵԱՀԿ մասնակից պետությունները ակնկալում են, որ Թուրքիան կկատարի իր պարտավորությունը նորմալ, բարիդրացիական հարաբերություններ հաստատելու Հայաստանի հետ», - ասել է Հայաստանի արտգործնախարարության խոսնակի պաշտոնակատարը:


Հեղինե Բունիաթյան, Պրահա

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG