Մատչելիության հղումներ

«Աքսա» ապահովագրական ընկերության հետ վերջնական համաձայնությունն արդեն ձեռք է բերված


Օրերս Փարիզում էին ամերիկահայ փաստաբաններ Բրայան Քաբաթեքը, Մարկ Գերագոսն ու Վարդգես Եղիայանը: Հանդիպելով լրագրողների հետ` նրանք տեղեկացրեցին, որ «Աքսա» ապահովագրական ընկերության հետ վերջնական համաձայնությունն արդեն իսկ ձեռք է բերված, եւ www.armenianinsurancesettlement.com կայքէջում զետեղված է ֆրանսիական ընկերության` Հայոց ցեղասպանության զոհ դարձած հաճախորդներին վերաբերող ամբողջ տեղեկատվությունը:

Վարդգես Եղիայանի խոսքերով, «Աքսա»-ի` ցեղասպանության զոհ դարձած հաճախորդների ժառանգորդները, այցելելով այդ կայքէջ, կարող են ստուգել զետեղված տվյալները եւ հարկ եղած դեպքում դիմում լրացնել` մինչեւ հոկտեմբերի 1-ը»:

Հայազգի երեք փաստաբանները 3 միլիոն դոլար փոխանցել են ֆրանսահայ կազմակերպություններին: «Այս դրամը ֆրանսահայ բարեգործական կազմակերպությունները կարող են գործածել որտեղ ուզեն` Ֆրանսիայում, Հայաստանում, Lիբանանում` հիմնականում կրթական ու բժշկական կարիքների համար», - ասաց Եղիայանը:

Ֆրանսիական ընկերությունը որպես փոխհատուցում վճարելու է, ընդհանուր առմամբ, շուրջ 17 միլիոն դոլար:

Փարիզից հայ փաստաբանների խումբը ուղեւորվել է Բեռլին` հանդիպելու Գերմանիայի կառավարության ներկայացուցիչների հետ:

Գերագոսը, Քաբաթեքը եւ Եղիայանը հայց են ներկայացրել ընդդեմ «Դոյչե Բանկ»-ի` պահանջելով վերադարձնել ցեղասպանության զոհերի` այստեղ պահ տրված ֆինանսական միջոցներն ու ունեցվածքը:

«Մենք գերմանական կառավարությանը կներկայացնենք դատական գործի էությունը: Տեղեկություն ունենք նաեւ, որ դատավորը շուտով հրահանգելու է բացել [«Դոյչե Բանկի»] արխիվները, եւ մենք կտեսնենք, թե ինչ հայեր հաշիվներ ունեին: Կարծում եմ, սա ժամանակի խնդիր է», - ասաց Վարդգես Եղիայանը:


Ռուզան Կյուրեղյան, Փարիզ

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG