Մատչելիության հղումներ

33 տարվա ընդմիջումից հետո կիպրահայ ուխտագնացները այցելել են Մակարավանք


33 տարվա ընդմիջումից հետո կիպրահայ ուխտագնացների մի մեծ խումբ այցելել է թուրքերի կողմից օկուպացված հյուսիսային Կիպրոսում գտնվող Մակարավանք:

DPA գործակալության փոխանցմամբ,200 հայեր Մակարավանք են գնացել 5 ավտոբուսներով, որոնց ուղեկցել են ՄԱԿ-ի պարեկային խումբն ու Կիպրոսի թուրքական հատվածի ոստիկանները:

Ինչպես «Ազատություն» ռադիոկայանին հայտնեց Կիպրոսի Հայ մարմնակրթական ընդհանուր միության (ՀՄԸՄ) ատենապետ Անդրանիկ Ասչյանը, ով մասնակցել է մայիսի 6-ի ուխտագնացությանը, հայ համայնքը որեւէ կապ չունի Կիպրոսի թուրքական հատվածի ռեժիմի հետ. կապերը պահպանվում են ՄԱԿ-ի տեղական ներկայացուցչության միջոցով, եւ այս ուխտագնացությունը եւս կազմակերպվել էր ՄԱԿ-ի միջոցով:

Ուխտագնացների խումբը գլխավորել են Կիպրոսի հայոց թեմի առաջնորդ Վարուժան արքեպիսկոպոս Հերկելյանը եւ Կիպրոսի խորհրդարանի հայ պատգամավոր Վարդգես Մահտեսյանը:

Վարուժան արքեպիսկոպոսը քաղաքացիական հագուստով է եղել: Ինչպես պարզաբանեց Անդրանիկ Ասչյանը, «անցյալ տարիներին, երբ հույն հոգեւորականները այցելել են իրենց գրավյալ եկեղեցիները եւ փորձել են այնտեղ աղոթել, խնդիրներ են ունեցել թուրք-կիպրական ոստիկանության հետ, եւ հավանաբար այդ պատճառով էլ մեր սրբազան հայրը զգուշություն ցուցաբերեց»:

«Վանքը հայկական սեփականություն է, բայց այսօր այդ սեփականության իրավունքը հայությունը չի կարողանում կիրառել», - ասաց Ասչյանը: - «Կիպրոսի օրինական փաստաթղթերով վանքը Կիպրոսի հայոց ազգային առաջնորդարանի սեփականությունն է, բայց 1994 թվականի ներխուժումից հետո կիպրոսցի թուրքերը չեն ճանաչում Կիպրոսի պետական փաստաթղթերը»:

1999 թվականին վանքն ու տարածքը 50 տարվա վարձակալության է տրվել կիպրոսցի թուրք մի գործարարի, որը ցանկանում էր այն դարձնել հյուրանոց, խաղատուն: Հայերի բողոքներից հետո այդ ծրագիրը չի իրականացվել, սակայն այնտեղ հիմա քեմփինգներ են տեղադրված, բացօթյա սրճարան:

Կիպրոսի հայոց թեմի առաջնորդը ուխտագնացությունը լուսաբանող լրագրողներին ասել է, որ Մակարավանքում քրիստոնեական արարողություն վերջին անգամ կատարել է 1993 թվականին:

«Վանքը հիմա ողբերգական վիճակում է», - նշել է նա:

Անդրանիկ Ասչյանը պատմեց, որ վանքի տանիքը չկա` բոլոր կղմինդրները տարել են, ու 33 տարի շարունակ վանքի ներսն ու պատերը մնացել են անձրեւների տակ:

Վերանորոգման կոնկրետ ծրագրեր չկան. ՄԱԿ-ի համապատասխան կառույցը, որը Կիպրոսում պատմական հուշարձաններ է վերանորոգել, ասում է, թե Մակարավանքի վերանորոգումը շատ մեծ գումարներ է պահանջում: Ֆինանսական դժվարություններից զատ` վանքը գտնվում է թուրքական ռազմականացված գոտում:

«Եկող տարի եւս ես կփորձեմ նման ուխտագնացություն կազմակերպել: Քանի դեռ ավագ սերունդը կա, մենք պետք է պահպանենք մեր ժառանգությունը», - ասել է Վարդգես Մահտեսյանը:

Կիպրահայերը ավանդաբար մայիսի առաջին կիրակին նշել են որպես Մակարավանքի ուխտագնացության օր:


Հրաչ Մելքումյան, Պրահա

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG