Մատչելիության հղումներ

«Հարսանիք լեռներում» օպերացիան` 15 տարի անց


Մայիսի 7-10-ը 18-30 տարեկան 250 հայ երիտասարդներ Հայաստանից, Արցախից, Ջավախքից եւ Սփյուռքից Շուշիում եւ Արցախի այլ քաղաքներում կհիշեն Շուշիի ազատագրման գործում իրենց ավանդը ներդրած ազատամարտիկների անցած ուղին եւ կհարգեն զոհված ազատամարտիկների հիշատակը:

«Սա մեր լավագույն հաղթանակներից մեկն է, յուրաքանչյուր երիտասարդ պարտավոր է իր երկրի պատմությունն իմանալ եւ փոխանցել այն սերնդեսերունդ: Մենք ուզում ենք հայ երիտասարդներին ցույց տալ, թե ազատամարտի տարիներին ինչ գործողություններ են իրականացվել եւ երիտասարդության մեջ սերմանենք այն գաղափարը, որ թեկուզ փոքրիկ հողակտորը պետք է պաշտպանել, քանի որ դա մերն է», - «Մաքս Լիբերթի»-ին փոխանցեց Համահայկական երիտասարդական հիմնադրամի լրատվության բաժնի պետ Աստղիկ Ավետիսյանը:

15 տարի առաջ «Հարսանիք լեռներում» օպերացիայի ընթացքում հայ ազատամարտիկների անցած նույն ճանապարհով 2007թ-ի մայիսի 9-ին կանցնեն արդեն հայ երիտասարդները ու խաղաղ պայմաններում «կգրավեն» Շուշիի բարձունքը, որտեղ տեղի կունենան ավանդական հայկական ծիսակատարություններ, այդ թվում՝ հարիսայի պատրաստում:

Մասնակիցները կհանդիպեն Լեռնային Ղարաբաղի պաշտպանության բանակի հրամանատար Սեյրան Օհանյանի, Արցախի հերոս Կոմանդոսի (Արկադի Տեր-Թադեւոսյան), ազատամարտիկների եւ լրագրողների հետ: Կբացվի Արցախյան հերոսամարտին նվիրված լուսանկարչական ցուցահանդես, կցուցադրվի «Շուշիի ազատագրումը» ֆիլմը, կանցկացվի շախմատի հուշամրցաշար, նկարչության եւ քանդակի մրցույթներ:

Մասնակիցներն իրենց կարմիր, կապույտ, նարնջագույն եւ սպիտակ բաճկոններով ծրագրի ավարտին Արցախի հողի վրա կուրվագծեն Լեռնային Ղարաբաղի դրոշը:

Մշակույթի եւ երիտասարդության հարցերի նախարարությունը եւ Համահայկական երիտասարդական հիմնադրամը ծրագրին հատկացրել են 4 մլն 600 հազար դրամ:


Հասմիկ Սմբատյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG