Մատչելիության հղումներ

Ռոբերտ Քոչարյանը շնորհավորական ուղերձ է հղել Նիկոլա Սարկոզիին


Ֆրանսիայի նախագահի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ, Հայաստանի նախագահ Ռոբերտ Քոչարյանը շնորհավորական ուղերձ է հղել Նիկոլա Սարկոզիին:

Ուղերձում, որը տրամադրել են Հայաստանի նախագահի մամլո գրասենյակից, մասնավորապես, ասված է. -«Հայ ժողովրդի եւ անձամբ իմ անունից ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ Ֆրանսիայի Հանրապետության Նախագահի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ եւ մաղթում մեծագույն հաջողություններ այդ բարձր առաքելության մեջ: Հավատարիմ լինելով մեր երկրների եւ ժողովուրդների միջեւ սերտ բարեկամության ու փոխըմբռնման ավանդույթներին, որոնք առավել ամրապնդվել են վերջին տարիներին Հայաստանի եւ Ֆրանսիայի միջեւ միջպետական մակարդակով ծավալվող ակտիվ համագործակցությամբ, վստահ եմ, որ մենք շարունակելու ու առավել խորացնելու ենք մեր կապերը ինչպես կառավարական օղակների, այնպես էլ մեր անձնական հանդիպումների միջոցով»:

Հայաստանի նախագահը բարձր է գնահատել եւ կարեւորել է «այն մշտական եւ գործուն երկխոսությունը, որ ամենաբարձր մակարդակով վարվում է մեր երկրների միջեւ միջազգային, եվրոպական եւ տարածաշրջանային բազմաթիվ հարցերի շուրջ»:

«Ջերմությամբ եմ հիշում փետրվար ամսին կայացած մեր փարիզյան հանդիպումը եւ շահագրգիռ զրույցը հայ-ֆրանսիական կապերի խորացման եւ ամրապնդման վերաբերյալ: Հուսով եմ, որ առաջիկայում շատ առիթներ կունենանք անդրադառնալու այդ հարցերին», - ասված է Ռոբերտ Քոչարյանի ուղերձում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG