Մատչելիության հղումներ

«Թայմ»-ը հրապարակել է աշխարհի 100 ամենաազդեցիկ մարդկանց ցուցակը


«Թայմ» հանդեսը հրապարակել է մոլորակի ամենաազդեցիկ մարդկանց ցուցակը, որոնց թվում են քաղաքական առաջնորդներ, Հոլիվուդի աստղեր, Մեծ Բրիտանիայի թագուհին, լրտեսներ, մեծահարուստներ, ահաբեկիչներ, նորաձեւության բիզնեսի առաջատարներ, երգիչներ, երգչուհիներ, լրագրողներ եւ հոգեւորականներ` 71 տղամարդ եւ 29 կին:

Արվեստի եւ շոու բիզնեսի բաժնում ընդգրկված է 23 անուն, այդ թվում փոփ երգիչ Ջասթին Թիմբերլեյքը, օպերային երգչուհի Աննա Նետրեբկոն, կատակերգակ դերասան եւ գրող, «ղազախ լրագրողի» սկանդալային կերպարը ստեղծած Սաշա Բարոն Քոհենը, կինոդերասան Լեոնարդո դի Կապրիոն, ռեժիսոր Մարտին Սքորսեզեն, երաժշտական պրոդյուսեր Ռիք Ռուբինը:

«Առաջնորդներ եւ հեղափոխականներ» բաժնում ընդգրկված են Մեծ Բրիտանիայի թագուհի Էլիզաբեթ Երկրորդը, Իսրայելի արտգործնախարար Ցիպի Լիվնին, Կուբայի ղեկավար Ֆիդել Կաստրոյի եղբայր Ռաուլ Կաստրոն, Կալիֆորնիայի նահանգապետ Առնոլդ Շվարցենեգերը, ԱՄՆ-ի Ներկայացուցիչների պալատի խոսնակ Նենսի Փելոսին, ԱՄՆ-ի պետքարտուղար Քոնդոլիզա Ռայսը, Իրանի հոգեւոր առաջնորդ այաթոլա Ալի Խամենեին, Հռոմի պապ Բենեդիկտոս տասնվեցերորդը: 21-հոգանոց այս ցանկում է նաեւ մոլորակի թիվ մեկ ահաբեկիչը՝ 0սամա Բին Լադենը:

«Հերոսներ եւ առաջամարտիկներ» բաժնում ընդգրկված 19 անվանի մարդկանց ցանկում կան գործարարներ, գիտնականներ, կինոաստղեր եւ մարզիկներ: Սեւամորթ 0փրա Ուինֆրին ամերիկյան հեռուստատեսության ամենահայտնի աստղերից մեկն է: Մեծահարուստ Ուորեն Բաֆեթը գործարար է: Այս բաժնում են թենիսիստ Ռոժե Ֆեդերերը, բեյսբոլիստ Չեն Մին Վանգը, դերասան Ջորջ Քլունին, Հարվարդի համալսարանի նախագահ Դրյու Գիլփին Ֆաուսթը: Գարի Կասպարովին «Թայմ»-ը այս բաժնում ներկայացրել է որպես «շախմատիստ եւ քաղաքական գործիչ»:

Հանդեսը հերոս է համարել 2008 թվականին ԱՄՆ-ի նախագահության համար պայքարելու մտադրություն հայտնած դեմոկրատ Ջոն Էդվարդսի տիկնոջը` իրավաբան Էլիզաբեթ Էդվարդսին: Քաղցկեղով հիվանդ Էլիզաբեթն ասել է, որ չնայած այդ սարսափելի ախտորոշմանը` հորդորում է ամուսնուն շարունակել պայքարը Սպիտակ տան համար եւ ամեն ինչ կանի Ջոն Էդվարդսի հաղթանակին նպաստելու համար:

«Թայմ»-ը հերոս է համարել նաեւ Ուեսլի Աութրեին, ով վտանգելով իր կյանքը` այս տարվա հունվարի 2-ին Նյու 3որքի մետրոյում փրկել է երիտասարդ Քամերոն Հոլոփեթերին, որն ուշագնաց վիճակում ընկած էր ռելսերի վրա:

«Կառուցողներ եւ հսկաներ» բաժնում կա 19 անուն: Ցիրիլ Ռամաֆոսան արհմիության ղեկավար է, Էրիք Լայը` բիզնեսի վերլուծաբան, Չադ Հարլին եւ Սթիվ Չենը «3ու Թյուբ» ինտերնետային կայքի հիմնադիրներն են, Ինդրա Նույին «Պեպսի Կոլա»-ի նախագահն է, Քեն Լյուիսը` «Բանկ օֆ Ամերիկա»-ի ղեկավարը:

Ինչպես «Թայմ»-ն է նշում՝ «100 ամենաազդեցիկ մարդիկ նրանք են, ովքեր իրենց ուժով, տաղանդով կամ բարոյական օրինակով վերափոխում են աշխարհը»:


Արմեն Քոլոյան, Պրահա

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG