Մատչելիության հղումներ

Ջոն Էվանսը արժանացել է Ամերիկայի հայկական համագումարի «Հենրի Մորգենթաու» մրցանակին


Վաղը Մասաչուսեթս նահանգի Քեմբրիջ քաղաքում կայանալիք հանդիսությամբ Հայաստանում Միացյալ Նահանգների նախկին դեսպան Ջոն Էվանսին կշնորհվի Ամերիկայի հայկական համագումարի «Հենրի Մորգենթաու» մրցանակը:

Ամերիկայի հայկական համագումարի հաղորդագրության համաձայն, «Հենրի Մորգենթաու» մրցանակին արժանանում են ի նպաստ հայ ժողովրդի իրենց գործունեությամբ աչքի ընկած հանրային պաշտոնյաները: Մինչ օրս մրցանակը շնորհվել էր երկու գործիչների` 1996 թվականին` Հայաստանում ԱՄՆ-ի առաջին դեսպան Հարի Գիլմորին, եւ 1997 թվականին` Հայաստանի նախագահ Ռոբերտ Քոչարյանին:

Հանդիսության մասնակիցների թվում են լինելու Հայոց ցեղասպանության ժամանակաշրջանում Օսմանյան կայսրությունում ԱՄՆ-ի դեսպան Հենրի Մորգենթաուի թոռը` Հենրի Մորգենթաու Երրորդը, եւ Պուլիտցերյան մրցանակի դափնեկիր, «Խնդիր` դժոխքից. Ամերիկան եւ ցեղասպանության դարաշրջանը» գրքի հեղինակ Սամանթա Փաուերը:

«Դեսպան Էվանսը սկզբունքների եւ համոզմունքների տեր մարդ է», - ընդգծել է Ամերիկայի հայկական համագումարի հոգաբարձուների խորհրդի նախագահ Հրայր Հովնանյանը` հավելելով. - «Ոչ ոք չպետք է պատժվի Հայոց ցեղասպանության մասին ճշմարտությունն ասելու համար, հատկապես` Միացյալ Նահանգները արտերկրում ներկայացնելու պատասխանատվություն ունեցող հանրային պաշտոնյան»:

Ջոն Էվանսը 2005 թվականի փետրվարին ամերիկահայ համայնքի հետ հանդիպումների ժամանակ 20-րդ դարի սկզբին օսմանյան Թուրքիայում տեղի ունեցած իրադարձությունները ճանաչել էր որպես Հայոց ցեղասպանություն: Ամերիկահայ շրջանակների, ամերիկյան մի շարք քաղաքական գործիչների եւ լրատվամիջոցների համոզմամբ, հենց այդ փաստը Էվանսի հետկանչի պատճառ դարձավ:

Հայաստանից Ջոն Էվանսը հեռացել է 2006 թվականի սեպտեմբերին, իսկ դեկտեմբերին թողել է ծառայությունը ԱՄՆ-ի Պետդեպարտամենտում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG